Մամուլ

Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով Հադրութի ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք

Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով Հադրութի ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են: Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք:

Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»:

արցախ պատերազմ

Նշենք, որ Արցախի ՊԲ հայտարարություն էր տարածել քիչ առաջ նշելով՝

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը:

ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը:

Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

Կիսվել