Թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել․ ո՞վ է եղել
Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Ազատան բնակավայրի վարչական տարածքում գտնվող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերել, թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 27-ամյա մի երիտասարդի:
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 6 փաթեթ՝ ընդհանուր 21,13 գրամ քաշով:
Երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, իսկ «Մերսեդեսը»՝ տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ մեքենայում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 24 փաթեթ՝ ընդհանուր 84,82 գրամ քաշով:
Կատարվում է նախաքննություն:



