Օգտակար

Թթվածնային կոկտեյլ․ Վ․ Հակոբյանն առաջարկում է իր գյուտի միջոցով բարձրացնել COVID-19-ով վարակվածների դիմադրողականությունը

Թթվածնային կոկտեյլ․ Վ․ Հակոբյանն առաջարկում է իր գյուտի միջոցով բարձրացնել COVID-19-ով վարակվածների դիմադրողականությունը

Armtimes.com-ը գրում է․ COVID-19-ը համախմբել է տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, որպեսզի իրենց կարողության չափով փորձեն օգնել՝ դուրս գալու այս իրավիճակից։

Նրանցից մեկն էլ Վանյա Հակոբյանն է։ Հասկանալով, որ COVID-19-ով վարակվածների դիմադրողականությունը բարձրացնելու գործում կարեւոր է թթվածնային սնուցումը, նա առաջարկում է այդ ամենն իրականացնել սեփական գյուտի՝ թթվածնային կոկտեյլի միջոցով։ Այն պատրաստի գործող սարք է՝ կազմված բնական բաղադրիչներից, թթվածնից։

Թթվածնային կոկտեյլ․

Հակոբյանը ե´ւ սարքի հեղինակն է, ե´ւ դրա մեջ օգտագործվող հյութի։

Սարքի փականը բացում ես, փրփուրը (թթվածնի կոկտեյլի) լցվում է բաժակի մեջ, այնուհետեւ փակում ես եւ սկսում գդալով ուտել թանձր փրփուրը, որի կայունությունը 25-30 րոպե է։

Ինչպես բացատրեց գյուտի հեղինակը, այդ մեկ բաժակը հավասար է փշատերեւ կամ խառն անտառում 24 ժամ մնալու ընթացքում ստացած թթվածնին. «Ուտում են, եւ արյունը հարստացվում է թթվածնով, իսկ թթվածինը գիտեք՝ ինչքան օգտակար է մարդու օրգանիզմի համար՝ ե´ւ հղիներին է պետք, ե´ւ ծխողներին, ե´ւ մարզիկներին»։

Աշխարհում թեեւ կիրառվում է թթվածնային կոկտեյլի գաղափարը, սակայն Հակոբյանի խոսքով՝ իր գյուտը տարբերվում է: Եթե ուրիշները փնջում օգտագործում են ձվի սպիտակուց, շաքարավազ կամ դրա փոխարինիչ, ինքն այլ հնար է գտել․ որպես փրփրագոյացնող հավելանյութ առկա է մատուտակի արմատի օշարակ։ Այսինքն՝ միայն բնական բաղադրիչներ։

Բացի դա այս սարքի օգտակար գործողության գործակիցը շատ բարձր է։ Իր խոսքով՝ թթվածնի կորուստ տեղի չի ունենում։ Այն նաեւ հարմարավետ է, կարող է օգտագործվել հանրային սննդի ձեռնարկություններում, բուժական եւ առողջապահական հիմնարկներում, մարզական կենտրոններում, նաեւ տան պայմաններում։

Ըստ հեղինակի՝ խորհուրդ է տրվում օգտագործել մտավոր աշխատանքում ներգրավված անհատներին, բարձրլեռնային, անապատային տարածքներում բնակվողներին, թթվածնային քաղցի պայմաններում ապրողներին եւ աշխատողներին:

Սարքն այս տեսքի բերելու համար՝ տասնյակ տարիներ են պահանջվել։

«Սա հոյակապ, փորձված բան է, ես դա 35 տարի կատարելագործել եմ»,- նշեց Վանյա Հակոբյանը՝ հավելելով, որ գյուտը գրանցված է, առկա են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից արտոնագիրը տրամադրվել է 2013 թվականին։ Այն նաեւ ստացել է Եվրասիական տնտեսական միություն համապատասխանության հայտարարագիր։

Առկա է նաեւ Ստանդարտների ազգային ինստիտուտի փորձարկման լաբորատորիայի հետազոտություն։ Սա արդեն տրվել է 2019 թվականին։

Նրա խոսքով՝ հետազոտությունում ոչ մի բացասական բան չի եղել. «Այնպես եմ արել, որ մաքրամաքուր է»։

Վանյա Հակոբյանն իր մասին պատմելիս նշեց, որ այժմ թեեւ թոշակառու է, ԽՍՀՄ-ում 70-ական թվականների լավագույն նորարարն էր․ մի շարք պատվոգրեր ունի։ Ժամանակին արտասահմանից շատ հյուրեր են եկել ու գյուտը տեսնելով՝ շշմել։

Մեզ հետ զրույցում Հակոբյանը նշեց, որ առաջարկով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ավելի վաղ սարքի մասին հայտնել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությանը։

ԱՆ-ից մեզ հայտնեցին, որ Վանյա Հակոբյանն իրենց դիմել եւ թթվածնային կոկտեյլը ներկայացրել է դեռեւս հունվարի 16-ին եւ պատասխան ստացել հունվարի 23-ին։ ԱՆ-ի պատասխանում նշված է եղել, որ ուսումնասիրվել է միջազգային փորձը եւ պարզվել, որ թթվածնային կոկտեյլի պատրաստման սարք՝ որպես բժշկական արտադրատեսակ, հայտնի չէ։

Արտադրողը կարող է այն անվանել բժշկական արտադրատեսակ՝ կլինիկական հետազոտություններ լինելու դեպքում, որոնք ցույց կտան արտադրանքի արդյունավետությունը, անվտանգությունը եւ որակը։

Կիսվել