«Թեև ես ընդամենը 19 տարեկան էի, բայց շատ էի սպասում և շատ էի ուզում երեխա ունենալ». Աննա Մանուչարյան
«Թեև ես ընդամենը 19 տարեկան էի, բայց շատ էի սպասում և շատ էի ուզում երեխա ունենալ». Աննա Մանուչարյան
Դերասանուհի Աննա Մանուչարյանը զրույցի ընթացքում վերապրեց ու հիշեց այն օրը, երբ ընդամենը 19 տարեկանում իմացավ, որ մայր է դառնալու և լցվեց մեծ երջանկությամբ ու սպասման անհագ զգացումով:
Դերասանուհի Աննա Մանուչարյանը զրույցի ընթացքում պատմել է միայնակ մայր լինելու, դրա հեշտ կամ դժվար կողմերի, երեխային միայնակ մեծացնելու, խնամելու և ողջ սերն ու նվիրվածությունը նրան նվիրաբերելու մասին: Աննան նաև խոստովանեց, որ կցանկանա 2-րդ անգամ նույնպես մայրանա, ինչն էլ նշեց, որ անպայման կլինի։
-Երբ իմացաք, որ բալիկ եք ունենալու, ինչպիսի՞ն եղավ Ձեր առաջին արձագանքը, զգացողությունն ու տպավորությունը:
-Երբ իմացա, որ մայր եմ դառնալու, իհարկե, ուրախությանս չափ ու սահման չկար: Թեև ես ընդամենը 19 տարեկան էի, բայց շատ էի սպասում և շատ էի ուզում երեխա ունենալ: Չգիտեմ՝ դա ենթագիտակցական ցանկություն էր, թե կնոջ բնազդ, որ ապրում է երևի թե յուրաքանչյուր աղջիկ:
-Ինչպե՞ս են անցել հղիության ամիսները:
-Ֆիզիկապես շատ թեթև եմ տարել այդ ամիսները. որևէ բարդություն, ծանրություն, խնդիր չեմ զգացել: Անհամբերությամբ սպասել եմ, թե երբ պետք է երեխաս ծնվի:
-Ի՞նչ հիշողություններ ունեք այն պահից, երբ առաջին անգամ գրկեցիք Ձեր փոքրիկին:
-Աննկարագրելի զգացողություն եմ ապրել: Որքան էլ մտածում էր, որ ամբողջովին պատրաստ եմ, այդ զգացողությունն այնքան մեծ էր, որ հաղթեց իմ պատրաստվածությանը: Ես, իհարկե, շատ մեծ սիրով եմ մեծացրել ու ամեն բան արել, բայց հիմա, երբ հետհայացք եմ գցում, հասկանում եմ, որ այդ տարիքում երեխա ունենալու և մեծացնելու պատասխանատվությունը շատ մեծ ու լուրջ քայլ է: Բնականաբար, ես համարում եմ, որ ամեն բան արել եմ այնպես, ինչպես պետք էր: Ես հոգեպես և՛ պատրաստ էի, և՛ պատրաստ չէի: Շատ հակասական էմոցիաներ եմ ունեցել, բայց կարող եմ ասել, որ ուր նայում էի, Արփիին էի տեսնում:
Իսկ էմոցիոնալ տեսանկյուից ի՞նչ տարօրինակ ու հետաքրքիր բաներ կհիշեք:
-Հետծննդաբերական դեպրեսիա եմ ունեցել, որ համարյա բոլոր կանանց մոտ է լինում. գրկում էի աղջկաս, արտասվում էի, նայում էի հայելու մեջ, տեսնում էի Արփիին, մեկի հետ զրուցելիս կրկին աչքիս առաջ աղջկաս դիմագծերն էին հայտնվում. նա ինձ ամենուրեք հետապնդում էր լավ իմաստով:
-Երեխայից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում և ինչե՞ր սկսեցիք բացահայտել նորովի:
-Երեխայի ծնունդից հետո պատասխանատվությունը հազարապատկվում է. քո րոպեները, օրերը, կյանքը սկսում է կառավարել քո փոքրիկ բալիկը, բայց դա այնքան հաճելի զգացողություն է, որ չի խանգարում:
-Ինչպե՞ս եք նրան խնամել ու մեծացրել և առօրյա հոգնածությունից ի՞նչ կերպ եք փորձել լիցքաթափվել ու հանգստանալ:
-Շատ հեշտ եմ մեծացրել: Ես ինձ համար ստեղծել եմ փոքրիկ հետաքրքրություններ, որպեսզի հանգստանամ: Թող մայրիկները դրական տրամադրվեն, հասկանան, որ դրանք այն յուրահատուկ տարիներն են, որ երբեք հետ չեն գալու: Վայելել եմ ես Արփիի հետ ամեն-ամեն ինչ. դա չի կարելի համարել հոգնածություն: Հիշում եմ, երբ քնեցնելիս երգում էի նրա համար և երբ քնում էր, ես շարունակում էի երգել, քանի որ դա ինձ արդեն հաճույք էր պատճառում: