Մամուլ

Թանկարժեք խանութներն ու էլիտար «օբյեկտները» հերթով փակվում են

Թանկարժեք խանութներն ու էլիտար «օբյեկտները» հերթով փակվում են։ Այս մասին Hraparak.am-ը գրում է․

Հեղափոխական Հայաստանի իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մի կողմից խոսում են տնտեսական հեղափոխության եւ հեղափոխական աճի տեմպերի մասին, մյուս կողմից ականատես ենք լինում լրիվ «հակահեղափոխական» դրսեւորումների։

Օրինակ՝ խանութների, վարսավիրանոցների, մարզասրահների եւ սպասարկման ոլորտի տարբեր ընկերությունների գործերի վատացման, ընդհուպ՝ փակման։

Վերջին ամիսներին հաճախ ենք լսում դժգոհություններ տարբեր տնտեսվարողներից, որ գործերը լավ չեն, առեւտուր չկա, մարդիկ առաջվա նման փող չեն ծախսում իրենց «օբյեկտներում» ու խանութներում, իսկ ոմանք գուժում են փակվելու մասին։

Սկսած համեստ գյուղական խանութներից մինչեւ թանկարժեք բրենդային խանութներ, էլիտար վարսավիրանոցներ ու մարզասրահներ, դժգոհում են առեւտրի ծավալների կտրուկ նվազումից։

Օրինակ, եթե որեւէ գյուղի կամ թաղամասի մի խանութ նախկինում անում էր միջինը 100-120 հազար դրամի առեւտուր, այսօր այդ նույն չափով ապառիկ, ասել է թե՝ «նիսյա» է տալիս, իսկ կանխիկ առեւտուրն իջել հասել է 20-30 հազար դրամի։

Ավելի վատ է վիճակը թանկարժեք խանութներում, որոնց հաճախորդները հիմնականում նախկին իշխանությունների օրոք աճած օլիգարխներն էին՝ իրենց ընտանիքի անդամներով։

Հիմա այդ անձինք կա՛մ երկրում չեն, ասենք՝ «փախել են» երկրից, կա՛մ էլ սիրտ չունեն ճոխ գնումների, թանկարժեք ռեստորաններում ժամանակ անցկացնելու, կա՛մ էլ պարզապես չեն ցանկանում այլեւս աչքի ընկնել շքեղ կյանքով՝ նախընտրելով մնալ ստվերում, աչքից ու «շառից-փորձանքից» հեռու։

Արդյունքում, ինչպես տեղեկացանք, էապես նվազել է էլիտար համարվող թանկարժեք մարզասրահների հաճախորդների քանակը, նույն վիճակն է նաեւ նմանատիպ վարսավիրանոցներում, ՍՊԱ կենտրոններում, որոնց հաճախորդները նախկին չինովնիկների կանայք էին, ընտանիքի անդամները։

Հիմա նրանք այլեւս չեն հաճախում նման վայրեր։ Մենք տեղեկացանք, որ հեղափոխությունից հետո փակվել են նաեւ հագուստի որոշ թանկարժեք, բրենդային խանութներ, որոնցում մի վերնաշապիկի կամ տաբատի գինը հասնում էր մի քանի հարյուր հազար դրամի։

Դրանցից մեկը հանրահայտ Billionare խանութն է, որը, մեր տեղեկություններով, փակվել է հենց վաճառքի անկման պատճառով։ Փոխարենը լավացել են միջին կարգի խանութների գործերը, որոնցից օգտվում են ներկայիս իշխանավորները, քանի որ դեռ չեն հասցրել այնքան հարստանալ, որ էլիտար բրենդներից օգտվեն։

Թեպետ՝ մեզ ասացին, որ այսօր ամենաթանկարժեք խանութներից օգտվում են հենց բարձր իշխանությունների ներկայացուցիչները, նրանց ընտանիքների անդամները։ Երեւի նրանց աշխատավարձը թույլ է տալիս նման խանութներից առեւտուր անել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել