Թալանը և չարաշահումներն ավելի «կատաղի բնույթ» են ստացել. ԱԱԾ բացահայտումների հետքերով
Երեկ հայտնի դարձավ՝ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ պաշտպանության նախարարության մատակարարումների ոլորտում առանձնապես խոշոր չափերով յուրացման փաստերով: Ըստ ԱԱԾ հաղորդագրության. «ՀՀ-ում գործող շուրջ 10 առեւտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան 10 միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ եւ սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների` մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել, կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ»:
Հայաստանում ՀՀԿ իշխանության տարիներին աներեւակայելի չափերի հասնող կոռուպցիոն մեխանիզմների մասին բացահայտումները վաղուց արդեն որեւէ մեկի համար զարմանալի չեն: Թավշյա հեղափոխությանը հաջորդած ամսիներին պարզվեց, որ ՀՀԿ իշխանության տարիներին Հայաստանում կոռուպցիան եղել է բոլոր ոլորտներում անխտիր: Եւ ԱԱԾ այս բացահայտումը պետք է որ նորություն չլիներ: Բայց այստեղ կա մեկ ուշագրավ պահ. Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք պարբերաբար խոսել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ընդ որում, նա մի քանի անգամ առանձնահատուկ ուշադրություն էր հրավիրել ՊՆ գնումների ոլորտում կոռուպցիոն դրսեւորումների անթույլատրելիության վրա: Եթե հիշում եք, 2012թ. Սերժ Սարգսյանը հերթով խորհրդակցություններ էր անցկացնում պետական գերատեսչություններում գնումների ոլորտում չարաշահումների վերաբերյալ: ՊՆ-ում նա շեշտել էր, թե անթույլատրելի է գնումների գործընթացում պետության սուղ միջոցների եւ զինվորների հաշվին թույլ տրվող չարաշահումները, խստորեն քննադատել այդպիսի մոտեցում ցուցաբերող անձանց: «Վատ է, երբ նախարարության ներսում չեմ տեսնում կատաղի պայքար այդպիսի մարդկանց դեմ»,- ասել էր նա` ընդգծելով, որ այդ կառույցում պետք է հասնել նման հարցերի կատարելիության:
Հիմա ԱԱԾ այս բացահայտումները վկայում են՝ Սերժ Սարգսյանի հանձնարարականներից հետո ՊՆ-ում ու, ընդհանրապես, պետական կառավարման մյուս բոլոր օղակներում կոռուպցիոն երեւույթները ոչ միայն չեն նվազել, այլ, ընդհակառակը, թալանը եւ չարաշահումներն ավելի «կատաղի բնույթ» են ստացել: Ասել է թե` խորհրդակցությունները եղել են պարզապես ձեւական: Նախկին իշխանությունները մի կողմից հրապարակային խոսել են կոռուպցիայի դեմ պայքարի մասին, մյուս կողմից շարունակել են անխնա թալանը:
Աղբյուր՝ armlur.am