Ըստ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի՝ կնիքի վրա Արարատ լեռան պատկերը «վտանգավոր մեսիջ է Հայաստանի հարևաններին»
«Հայաստանը ելնում է իր պետական սիմվոլներից և Հայաստանի դրոշմակնիքը, որն անձնագրերում է տպվում, պետք է արտահայտի Հայաստանին, պետությանը վերաբերող սիմվոլները, պետական սիմվոլները պետք է զերծ լինեն էոմցիոնալ, հուզական սիմվոլներից»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Նրա ներկայացմամբ, ամեն բան անում են, որ ՀՀ վերաբերյալ տարընկալումներ չլինեն և կիրառվող սիմվոլիզմը, կնիքները և այլն, ելնեն բացառապես պետականության սկզբունքից։
«Մենք հիմնվում ենք Ալմաթիի հռչակագրի վրա մեր հարևանների հետ հարաբերություններում, ուրեմն մեր յուրաքանչյուր գործողություն՝ կլինի կնքի, հայտարարության ձևով, որևէ կերպ պետք է վտանգավոր մեսիջներ չուղարկի Հայաստանի հարևան պետություններին»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Ա. Հովհաննիսյանը խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, նա ասաց, որ իրենք ինտենսիվ աշխատում են Թուրքիայի պաշտոնյաների հետ պայմանավորվածությունները՝ երրորդ երկրների քաղաքացիների տեղաշարժ, դիվանագիտական անձնաց համար սահմանների բացում և այլն, հողի վրա իրականության դարձնեն։
«Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ»,- ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ հայ-թուրքական, հայ-ադրբեջանական գործընթացներն իրար հետ չեն պայմանավորում, աշխատում են Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի հիման վրա, նույնը նաև Թուրքիայի դեպքում։
«Հույս ունենք երկու երկրների հետ հնարավորինս շուտ կհաջողվի հասնել արդյունքների»,- ասաց Ա. Հովհաննիսյանը։