Ըստ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը շոշափելի օգուտներ ունի նաև Իրանի ու ՌԴ-ի համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է՝ Վաշինգտոնում ստորագրված համաձայնագիրն ու հռչակագիրը միանգամայն շոշափելի օգուտներ են պարունակում նաև Իրանի և Ռուսաստանի համար։
Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում:
«Երբ այդ համաձայնագիրը կյանքի կոչվի, Իրանը երկաթուղով հասանելիություն կստանա Պարսից ծոցից մինչև Սև ծով: Ռուսաստանն ու Իրանը կկարողանան երկաթուղային կապ ունենալ երկու երկրների միջև»,- մանրամասնել է վարչապետը:
Նա հավելել է, որ այժմ Կովկասից Իրանը Ռուսաստանին կապող երթուղի չկա, իսկ ձեռք բերված համաձայնություններով կարող է նման ուղի բացվել:
«Ես նկատի ունեմ, որ եթե կենտրոնանանք այս համաձայնագրի տնտեսական կողմի վրա, ապա ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն ու Թուրքիան, այլև Ռուսաստանն ու Իրանը կստանան շատ կարևոր և իսկապես շոշափելի, փաստացի աննախադեպ օգուտներ․ հիմա Հարավային Կովկասից Իրանը Ռուսաստանին կապող երկաթուղի չկա, ուստի ես դա համարում եմ շատ կարևոր համաձայնագիր, որը կարող է զգալի օգուտներ բերել բոլոր երկրներին, ինչպես նաև ամբողջ միջազգային հանրությանը միջազգային կայունության և անվտանգության շրջանակում։
Ես արդեն նշեցի, որ մենք ունենք մի նախագիծ, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ», և իսկապես այդ համաձայնագիրը կարող է դառնալ համագործակցության խաչմերուկ, և հենց դա է մեր նպատակը»,- ասել է Փաշինյանը։