Մամուլ

Ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի էլեկտրոնային հսկողության միջոց կրելու պարտավորություն. նախագիծ

Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը: 

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:  

Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնեց՝ այստեղ ըստ էության մեկ դրույթ է սահմանվում, որով պարտավորություն է սահմանվում բռնարարի համար՝ կրել էլեկտրոնային հսկողության միջոցները, որոնք սահմանվել են նախորդ փոփոխություններով:  

«Ըստ այդմ՝ մենք այստեղ սահմանում ենք պարտավորությունը բռնարարի հանդեպ և Քրեական օրենսգրքում էլ սահմանում ենք պատասխանատվություն՝ այդ միջոցը չկիրառելու համար: Օրենքի փոփոխություններն առաջարկում ենք ուժի մեջ դնել 2026 թվականի մարտ ամսից»,- տեղեկացրեց Ղազարյանը:  

Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: 

Ըստ Ղազարյանի՝ իրավախախտին կարող է սպառնալ մինչև 1 տարվա ազատազրկում: 

«Քրեական օրենսգրքում է սահմանված փոփոխությունը»,- հայտնեց ՆԳ նախարարի տեղակալը:  

Նա ամփոփ վիճակագրություն ներկայացրեց 2025 թվականի 5 ամիսների տվյալների վերաբերյալ, հայտնեց՝ նման գործերով կիրառվել են նախազգուշացման 234 դեպք, անհետաձգելի միջամտության 701 դեպք, հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ: