«Ընտանիքն ամենակարևորն է այս կյանքում». Գրիգոր Դանիելյանը` կնոջ տարեդարձի, ավանդույթ դարձրած նվերի մասին (Photo)
Հունվարի 19-ը դերասան Գրիգոր Դանիելյանի և նրա կնոջ` երգչուհի Հռիփսիմե Ելինյանի համար առանձնահատուկ և տոնական օր էր. այդ օրը երգչուհին դարձավ 35 տարեկան: ShowBiz.am-ը այս առիթով անկեղծ զրույց է ունեցել դերասանի հետ, իսկ վերջինս` պատմել, թե որտեղ և ինչպես են նշել այդ օրը, ինչ է նվիրել կնոջն ու Հռիփսիմեին նվիրած նոր` սպասվող երգի մասին:
Գրիգորը կնոջը տարեդարձը շնորհավորում է կեսգիշերին` անակնկալ տորթով: Այնուհետև՝ հաջորդ օրը, նրանք շարունակում են նշել այն Ծաղկաձորում. «Անցած տարի իմ ծննդյան օրը երկուսով գնացինք ռեստորան, պարզվեց նա նախօրոք գաղտնի հրավիրել էր մեր բոլոր ընկերներին, և, խոստովանում եմ, որ շատ լավ անակնկալ ստացվեց:
Ի պատասխան դրա՝ այս տարի մենք ամենամտերիմներով գնացինք Ծաղկաձոր, սակայն այնտեղ մեզ անակնկալ կերպով միացան մեր ընկերները»,-պատմում է դերասանն ու խոստովանում, որ ինքն ու կինն իրականում այդքան էլ չեն սիրում անակնկալներ:
Պարզվում է`դերասանը կնոջ ծննդյան օրերին ունի նվեր գնելու իր ավանդույթը. «Ես այդ օրերին սիրում եմ ոսկի նվիրել կնոջս, և այս տարի ևս բացառություն չէր. սիրելիիս ոսկյա զարդ նվիրեցի»,-ասում է նա և հավելում, որ սովորական օրերին սովորություն չունի նվերներ անել. պարզապես կնոջ հետ որոշում են, թե ինչ են ուզում ու միասին ձեռք են բերում:
Գրիգորի և Հռիփսիմեի ծննդյան օրերի տարբերությունն ընդամենը 8 օր է, և ամուսիններն այդ օրերին նախընտրում են երկրից կամ քաղաքից դուրս գնալ, թեև բուռն աշխատանքային գործունեության և զբաղված գրաֆիկի պատճառով ոչ միշտ է հաջողվում նրանց դա իրականություն դարձնել: Գրիգորի համար իրենց ամենատպավորիչ և անմոռանալի ծննդյան տարեդարձը եղել է երկուսի 30-ամյակը, որտեղ հրավիրված էին շատ հյուրեր, ամեն ինչ չափազանց գեղեցիկ էր ու տպավորիչ. դերասանը նույնիսկ հումորով նշում է, որ դա իրենց 60-ամյակն էր:
Գրիգորը, որքան էլ աշխատանք և զբաղվածություն ունենա, միևնույն է, ամենից շատ ձգտում է տան ճանապարհը բռնել: Խոստովանում է, որ աշխատանքի պատճառով ընտանիքին այնքան ժամանակ չի հատկացրել, որքան ինքը կուզեր. «Ես միշտ ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ: Երբ միասին վեր ենք լուծում, հասկանում ենք, որ 10 տարի մենք և՛ միասին ենք, և՛ միասին չենք:
Կարիերայիս սկզբից ի վեր շատ ջանք ու ժամանակ եմ տրամադրել աշխատանքին. հենց դա է եղել պատճաը, որ չեմ հասցրել ուզածիս չափ ժամանակ հատկացնել ընտանիքիս: Տարեցտարի աշխատանքային գրաֆիկս ավելի է կարգավորվում և դասավորված լինում, ինչն էլ թույլ է տալիս՝ ավելի շատ լինեմ ընտանիքիս հետ: Ընտանիքն ամենակարևորն է այս կյանքում. սպասում եմ, թե երբ եմ վերջապես գնալու տուն»:
Գրիգորի հետ խոսեցինք նաև Հռիփսիմեի այն մի քանի կարևոր և դրական կողմերի, սովորությունների մասին, որն առավել շատ է սիրում իր ամուսինն ու գնահատում. «Հռիփսիմեն, ի տարբերություն ինձ, շատ հեռատես է, ինչն ինձ շատ է օգնում: Ես, հնարավոր է, ամեն բան մոռացած, աշխատեմ, սցենար գրեմ, իսկ նա ինձ հիշեցնի այն կարևոր գործերը, որ պետք է անեի, այն հեռախոսազանգերն ու հանդիպումները, որոնց մասին հաստատ կմոռանայի. կարելի է ասել, որ նա իմ զարթուցիչն է: Բացի սա, շատ եմ սիրում նրա ձեռքի պատրաստածը. շատ համեղ է պատրաստում և կարողանում է ցանկացած մթերքից մի հետաքրքիր բան ստեղծել»:
Վերջում, խոսելով մոտալուտ ծրագրերի և աշխատանքային գործունեության մասին, դերասանն ասաց, որ շուտով` փետրվարի 6-ին ինքը, Հռիփսիմեն և ավագ որդին` Ալբերտոն, մեկնելու են ԱՄՆ, որտեղ սպասվում է 2-3-օրյա համերգային ծրագիր, այնուհետև` հանգիստ և հետաքրքիր ժամանց:
Այս ամենից զատ, շատ շուտով Գրիգորը հեռուստադիտողի դատին կհանձնի մի նոր սիրային երգ` նվիրված հենց իր կնոջը: Երգի խոսքերի հեղինակը անձամբ հենց դերասանն է, իսկ երաժշտությունը գրել է Գոռ Հակոբյանը: