Մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

Shamshyan.com-ը հայտնում է, որ փետրվարի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Ներքին Շենգավիթ տներից մեկից  շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը լոգարանի լոգախցիկի ապակին կոտրվելու և վնասելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 քաղաքացու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածներն են 2-ամյա Գ․Գ․-ն՝ «ձախ ուսահոդի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ,  3-ամյա Ա․ Գ․-ն՝ «աջ ոտնաթաթի կտրած վերք» ախտորոշմամբ և 32-ամյա Քրիստինե Բ․-ն՝ «աջ ոտնաթաթի ու աջ ձեռքի ապակու կտրած վերք» ախտորոշմամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորները մարմնական վնասվածքները ստացել են նույն օրը ժամը 15։30-ի սահմաններում իրենց տան լոգարանում լոգանք ընդունելու ժամանակ լոգախցիկի դռան ապակին կոտրվելու և վերջիններիս վրա ընկնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։