Ազատ խոսք

«Ընտանիքիս ուղղված սպառնալիքներ են հնչեցնում». Ասպրամ Կրպեյան

«Ընտանիքիս ուղղված սպառնալիքներ են հնչեցնում». Ասպրամ Կրպեյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների ու սոցցանցային օգտատերերի. հայտնում եմ ձեզ, որ շրջանառության մեջ է դրվել կասկածելի հանգամանքերում գրված և որոշ լրատվական կայքերով ու կեղծ օգտահաշիվներով ջանասիրաբար տարածվող ինչ-որ անհեթեթ գրություն, որը իրականության հետ աղերս չունի։

Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակը, նրա ընտանիքի անունն ու պատիվն արատավորող ստահոդ գրությունը ժամանակ առ ժամանակ դրվում է շրջանառության մեջ որոշ քաղաքական նկատառումներով վարկաբեկելու հերոսի հիշատակը, նրա բարի անունն ու համբավը:

aspram krpeyan

Քանիցս դիմել և հորդորել ենք լրատվամիջոցներին ու անհատներին զերծ մնալ Թաթուլ Կրպեյանի ընտանիքի մասին հերյուրանքներ տարածելուց:

Իբր «հայրենասեր» և իբր Թաթուլ Կրպեյանին մեզնից ավելի «սիրող ու նվիրված» որոշ անձինք ու շրջանակներ՝ քաղաքական տարատեսակ դրդապատճառներով արդեն մի քանի օր է կեղծ օգտահաշիվների տակ թաքնված՝ բացեիբաց, նաև անձնական նամակներով հնչեցնում են իմ ընտանիքին ուղղված սպառնալիքներ:

Կրկին հորդորում եմ չտարածել չճշտված, կեղծ տեղեկատվություն, որով ուղղակի հարթակ եք ստեղծում ատելության խոսքի տարածման համար: Պահանջում եմ լրատվականներից և անհատ անձանցից հեռացնել նշված ստահոդ գրությունն իրենց կայքերից ու էջերից և դադարեցնել մեզ ուղղված սպառնալիքները»:

Կիսվել