Ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
Ընդդիմադիրների վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
Irakanum.am-ը գրում է․ Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող՝ ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք բարձրաձայնվել են այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, մեծ հանրահավաքի ժամանակ կներկայացվեն: Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը: Այս մասին հայտարարել էր ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ ընդդիմադիր կուսակցությունները այս ընթացքում վարչապետի իրենց թեկնածուի շուրջ գրեթե ամենօրյա քննարկումներ են ունեցել։ Դիտարկվել են բոլոր հնարավոր ու անհնար թեկնածուները։
Նախ գնացել են բացառման ճանապարհով՝ Ռոբերտ Քոչարյանն այդ փուլում դուրս է եկել։ Հետո քննարկումներ են ծավալվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի վերաբերյալ։ Տեղեկությունների համաձայն նրա հնարավոր թեկնածության հարցը ևս արագ փակվել է։ Որպես վարչապետի հնարավոր թեկնածու դիտարկվել է նաեւ ՀՅԴ-ական Հրանտ Մարգարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վերջինս՝ հիշեցնենք հայտարարել էր, որ պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվություն։ «Այո, ես պատրաստ եմ իմ վրա վերցնել պատասխանատվություն, բայց ես որտեղ կլինեմ այս մեր երկրի փրկության գործընթացում, մենք կորոշենք բոլորս: Ես չեմ ասել, որ պատրաստ եմ լինել վարչապետ: Ես ասել եմ, որ պատրաստ եմ վերցնել իմ վրա պատասխանատվություն»,-ասել էր նա:
Այս ամբողջ ընթացքում քննարկումների առանցքում եղել է նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանի անունը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ այս պահին ընդդիմադիր ուժերի ամենահավանական թեկնածուն հենց նա է, և նրա անունն է հրապարակվելու վաղը, եթե վերջին պահին որոշումը անակնկալ չփոխվի։
Վազգեն Մանուկյանը 2009 թվականի մարտից 2019 թվականի դեկտեմբեր Հանրային խորհրդի նախագահն էր, իսկ 2019 թվականից՝ «Վերնատուն» հասարական- քաղաքական ակումբի նախագահ։