Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը պարգևատրվել են ավտոմեքենաներով

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար պարոն Հրաչյա Ռոստոմյանը և մոսկվաբնակ գործարար Էդգար Արամյանը պարգևներ են հանձնել հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (98կգ) և աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին (80կգ):

Նախարարը կրկին շնորհավորել է մարզիկներին աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց՝ ողջ հայությանը հպարտանալու ևս մեկ առիթ տալու և մեծ ուրախություն պարգևելու համար:

«Այստեղ ներկա են այն մարզիկները, ովքեր մեծ ավանդ ունեն ողջ աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիությունը և հեղինակությունը բարձրացնելու գործում: Նրանց ձեռքբերումը քրտնաջան աշխատանքի և ամենօրյա մարզումների արդյունք է, ինչը պետք է ուսանելի լինի ավելի երիտասարդ մարզիկների համար»,- ասել է նախարարը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործարար Էդգար Արամյանին պարգևների համար և նշել, որ կարևորը նվիրատվության չափը չէ, այլ այն ուշադրությունը, որ հայ գործարարը ցուցաբերել է մեր մարզիկների նկատմամբ:

Նշենք, որ գործարար Էդգար Արամյանը չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին նվիրել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներ:

Կիսվել