Մամուլ

Էրեխություն են արել, մեղքն ընդունել ու պատժվել են, նրանց ծնողներն էլ մի լավ օրի չեն. Զորականի համայնքապետը ծեծի միջադեպից մանրամասներ է պատմել

Ո՛չ երեխաները, ո՛չ էլ ծնողները հիմա իրար հետ ոչ մի խնդիր չունեն, չեն էլ կարող ունենալ։ Էրեխություն են արել՝ դեպքը ստացվել է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Զորական համայնքի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ խոսել է ծեծի միջադեպի մասնակից տղաների հետ, ովքեր իրենց մեղքն ընդունել են։ «Իհարկե, մեղք զգում են։ Տարել են էրեխեքին, իրար հանդիպել են, դատարանում էլ են իրար տեսել, խոսել այդ մասին»,-ասաց նա։

Մարտիրոսյանը բացառեց ծնողների միջև թշնամանքի և վեճի շարունակությունը` համոզմունք հայտնելով, որ խնդիրն ավելի արագ կհարթվեր, եթե այսքան աղմուկ չբարձրացվեր և տեսանյութը չտարածվեր։

Նա ներկայացրեց միջադեպի մանրամասները․ «Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերին, համայնքի տարածքից դուրս՝ Նոյեմբերյանում։ Եղել է դպրոցից հետո՝ ժամերը հաստատված են։ Ուրիշ գյուղի բնակիչներ էլ են եղել, ովքեր մերոնց սուտ թե ճիշտ ասել են՝ Ալենը ձեզ վարկաբեկել է, սա է ասել, նա է ասել, սենց է արել, նենց։ Մեկ էլ պատահական իրար «ռաստվել» են՝ վեճն առաջացել է»։

Նա նշեց, որ իր գյուղի բնակիչ տղային ծանր մարմնական վնաս չի հասցվել։ «Դատաբժշկական փորձաքննություն են արել, հաստատվել է, որ լուրջ բան չի եղել, երեխային ծանր մարմնական վնաս չի եղել»,- ասաց Մարտիրոսյանը։

Համայնքի ղեկավարը նշեց, որ գործը հարուցվել է ոչ թե տղայի ծնողների բողոքի հիման վրա, այլ` տարածված տեսանյութի հիման վրա։ «Հիմա գործը իրավապահները քննել են, տվել են դատարան։ Մարդ կա՝ երեխեքից կալանավորված է, մնացածը 20 օր կալանք են կրել։ Դատը դեռ շարունակվում է, քննություն են անում։ Էլ ի՞նչ են ուզում։ Ինչքա՜ն վիրավորական է ծնողի համար այս ամբողջը։ Ծնողը չի ուզի, չէ՞, որ իր երեխայի տեսանյութը տարածվի, ու ով ինչ ուզենա՝ տակը մեկնաբանություն գրի»,- ասաց նա։

Սուրեն Մարտիրոսյանը հավելեց, որ այս պահին Ալենը և նրա հայրը իր մոտ են, և նա նաև խոսել է համայնքի մյուս երեխաների ծնողների հետ։

«Նրանք էլ են վատ զգում՝ տեսանյութը տարածելու և մեկնաբանությունների համար։ Հասկանո՞ւմ եք՝ իրենք էլ են մեղքը ընդունում, իրենք էլ լավ օրին չեն։ Ինչպե՞ս եք պատկերացնում՝ ձեր երեխան մի սխալ անի… էս հոշոտումներից, էդքան կեղտոտ բառերից ու մեկնաբանություններից ծնողները ինչ վիճակում կլինեն։ Նրանց վիճակն ավելի վատ է։ Լավ, սխալ են արել, պատժվել են, իրենց կալանքը կրել են, բայց նրանց հոգեվիճակի մասին պատկերացնո՞ւմ ենք։ Օրենք կա, որը հենց սխալներն ուղղելու համար է։ Էլ մյուս կոչերը ինչի՞ համար են»,- ասաց նա։

Հարցին, թե հաստատում է արդյոք, որ ծեծի ենթարկող երեխաներից մեկի հայրը Արմավիրի ՔԿՀ-ի պետի տեղակալն է, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Գիտեք ինչ կա, մեկը պետի տեղակալին չի սիրում՝ նրա մասին է գրում, մյուսը գյուղապետին չի սիրում՝ նրա մասին է գրում, մեկը դպրոցի տնօրենին չի սիրում՝ նրա մասին է գրում։ Հիմա պետի տեղակալը կուզե՞ր, որ նման բան լինի, կամ ես կուզեի՞։ Բոլոր դեպքերում ես այս ընտանիքի կողքին եմ, իրենք շատ լավ գիտեն, որ միշտ էլ իրենց կողքին եմ եղել։ Այսօր էլ Ալենի ծնունդն է, ամեն ինչ կանենք, որ խնդիրը հարթվի՝ գնա»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Զորականում անչափահասները ծեծել էին մի տղայ և որ 5-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։