Էրեբունու հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշենում հայտնի «Ոսկանի տղա Համբիկը». բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը
Փետրվարի 6-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքին հարակից ավտոտնակների մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ վիճաբանության մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է ստացել, ում տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նուբարաշենի բաժին և հայտնում են, որ նշված վայրից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «ձախ թիակային շրջանի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոց մկնած ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները պարզում են, որ վիրավորը Երևանի բնակիչ 46-ամյա Համբարձում Ա.-ն է, ով ըստ բժիշկների եղել է ոչ սթափ վիճակում և հրաժարվել է կատարվածի մասին տեղեկատվություններ տալուց, միայն ասել է, որ վնասվածքները ստացել է վայր ընկնելու հետևանքով։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքների արդյունքում պարզել են, որ այդ օրը ժամը 18:00-ի սահմաններում նշված հատվածում Համբարձում Ա.-ի և Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Կարեն Ս.-ի միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ էլ Կարեն Ս.-ն իր մոտ պահվող դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել Համբարձում Ա.-ին։
Նուբարաշենի ոստիկանները ժամերի ընթացքում պարզում են կասկածյալի գտնվելու վայրը, հայտնաբերում են նրան, ինչից հետո ներկայացնում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ Համբարձում Ա.-ն Նուբարաշենում հայտնի է «Ոսկանի տղա Համբիկ» մականվամբ ու հաճախ է հայտնվում նմանատիպ պատմությունների մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



