Շոու-բիզնեսԺամանց

Էվելինա Շահիրյան․ «Այդ օրը նա ինձ տվեց Kinder-ը, որի մեջ էլ թաքցրել էր մատանին»

Էվելինա Շահիրյան․ «Այդ օրը նա ինձ տվեց Kinder-ը, որի մեջ էլ թաքցրել էր մատանին»

Tert.am Life-ը գրում է․ Մայիսի 6-ին «Լավ էլի» բենդի մենահամերգի ժամանակ ռեժիսոր Հովհաննես Ղազարյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին՝ երիտասարդ դերասանուհի Էվելինա Շահիրյանին, իսկ օրերս կայացել է զույգի նշանադրությունը: 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր և սիրելիի ծանոթության, անակնալ ամուսնության առաջարկության, նշանադրության և մասնագիտական զբաղվածության մասին:

Դերասանուհին անկեղծանալով պատմել է, որ իրականում դեռևս ամիսներ առաջ էր սպասում ամուսնության առաջարկությանը և հենց իր ծննդյան օրը, բայց ամեն բան այլ կերպ դասավորվեց:

«Հունվարի 26-ին մտածում էի, որ ամուսնության առաջարկություն կանի և բարձրաձայնել էի այդ միտքը: Բայց Հովհաննեսը որոշեց, որ ամեն բան լինի իրական և անսպասելի:

Հետագայում ևս տարբեր առիթներից առաջ մտածում էի՝ այսօր կլինի ամուսնության առաջարկություն, երբեմն կիսվում էի ընկերներիս հետ, բայց առաջարկությունը եղավ ամենաանսպասելի պահին և օրը:

Ինձ օրեր շարունակ ասում էր, որ Kinder պետք է նվիրի, բայց աշխատանքային զբաղվածության պատճառով մենք չէինք հասցնում հանդիպել: Իսկ այդ օրը նա ինձ տվեց Kinder-ը, որի մեջ էլ թաքցրել էր մատանին»,- պատմել է դերասանուհին:

Էվելինան նաև մանրամասնել է, որ Հովհաննեսը հենց այդ օրն է որոշել և գնել մատանին՝ պլանավորելով, որ «Սկիզբը» երգի կատարման ժամանակ պետք է երկուսով բարձրանան բեմ, որտեղ նա կանի առաջարկությունը, բայց իրադարձություններն այլ կերպ են զարգացել:

Էվելինա Շահիրյան

«Հովհաննեսն ասում է, որ «Գտա քեզ երկնքում» երգի ժամանակ զգաց, որ հենց այս երգն ու պահը պետք է դառնան մերը: Նա տվեց Kinder-ը. ես նայում էի և հասկանում, որ նախապես բացված է եղել: Հետո տարբեր կողմերից լսում էի, որ մարդիկ ու ընկերներս ասում էին՝ «այո՜,այո՜»:

Ես համաձայնեցի և հենց այդ երգն ու պահը դարձան մերը:

Իսկապես անսպասելի ամուսնության առաջարկություն էր, քանի որ ես առօրյա հագուստով էի, գրեթե չդիմահարդարված և արդեն մի քանի օրվա մատնահարդարմամբ, բայց ինձ հենց այդ իրական պահն էր դուր գալիս, քանի որ, թե՛ մեր հարաբերությունները, թե՛ ամուսնության առաջարկությունը հիմնված են ազնվության, անկեղծության և իրական լինելու վրա»,- մանրամասնել է Էվելինա Շահիրյանը:

Էվելինա Շահիրյանը նշել է, որ ընտանիքի համար կարևոր է եղել պաշտոնական արարողությունը և նշանադրությունը, որի ժամանակ էլ զույգի հարազատները ծանոթացել են:

«Նշանադրության ժամանակ ամեն բան արվել է դասական կանոններով, իսկ հետագայում շատ ջերմ միջավայրում շփվել ենք, ծիծաղել, լավ ժամանակ անցկացրել:

Ամեն բան նեղ ընտանեկան և տաքուկ միջավայրում էր, քանի որ երկուսս էլ եկել ենք այն որոշման, որ նշանադրությունը պետք է ընտանեկան միջավայրում լինի: Հետագայում կանենք հարսանիք, որին ներկա կլինեն հարազատները, մեր ընկերները»,- նշել է նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել