էս գլխից ժողովրդին ասեք, որ երկիրը շուտով վարի եք տալու վերջնականապես, թող ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի
Էս գլխից ժողովրդին ազնիվ ասեք, ասեք, որ երկիրը շուտով վարի եք տալու վերջնականապես, թող ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի, թե պլանը սա է, և հույսներդ պարտքը։ Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խնդրում եմ կարդալ, վստահաբար բոլորիս է վերաբերում:
Հարկային օրենսգրքի մասին մի քիչ ուրիշ ձև ասեմ ու հնարավորինս կարճ:
1.Այն, որ համահարթ եկամտային համակարգ ունենալը սոցիալական արդարություն է նսեմացնում արդեն շատ լայնախոհ մարդկանց մոտ կասկած չի հարուցում:
2.Այն, որ համահարթ հարկման համակարգի ներդրմամբ պայմանավորված ստվերից աշխատատեղեր հանելը մտացածին է արդեն շատերը տեսան, երբ դեռ համակարգը չներդրված շուրջ 50,000 աշխատատեղեր ստվերից դուրս եկան:
3.Այն, որ համահարթը արտահանմանը դժվար թե օգուտ տա, քանի որ օրինակ թեթև արդյունաբերության մեջ աշխատավարձերը չեն անցնում 150,000 -ը և հետևաբար այս համահարթեցմամբ նրանց մոտ բան չի փոխվում, նույնպես պարզ է: (բացառություն է ՏՏ-ն)
4.Այն, որ ներդրող ենք ուզում, սակայն անընդհատ հայտարարում ենք, որ սա հարկային օրենսգրքի միջանկյալ փոփոխություն է, ուստի էլի ենք փոխելու և սա ներդրողին հետ է պահում, կարծում եմ էլի պարզ է:
5.Այն, որ մեզ մոտ եկամտային հարկը ի սկզբանե աշխատավարձի հարկ է և դրա պրոգրեսիվությունը չի աշխատում շատերը համաձայն են, և ի լրումն սրա երբ դիտարկում ենք համընդհանուր եկամուտների տեսանկյունից ունենք իրականում ռեգրեսիվ եկամտային հարկի համակարգ, սա էլ շատերին պարզ է:
6.Այն, որ եկամտային հարկի համահարթ տոկոսադրույք կիրառելու տնտեսական արդյունավետությունը աշխատում է միայն այն ժամանակ, երբ սողանցքներ չկան և միայն բոլոր եկամուտների տեսակները ներառելու դեպքում կարող է ազդեցություն ունենալ` ըստ տնտեսագիտության հայտնի կանոնների, նույնպես շատ խելամիտ տնտեսագետների համար պարզ է: (սողանցքի օրինակ` գրանցում ես ԱՁ և չես հարկվում 23%, այլ հարկվում ես 5%)։
7.Այն, որ աշխատավարձով չեն հարստանում կրկին շատերը չեն ժխտում, հետևաբար համահարթով նսեմացվող արդարությունը գույքահարկով վերականգնելը փոխկապակցված չէ բացարձակապես, կարծում եմ նունպես շատերի համար պարզ է: (Գույքահարկը պետք է մեծացնել, սակայն դա եկամտային հարկի համահարթեցման սոցիալական արդարության վնասը չի փոխհատուցում:
8.Այն, որ շատ համահարթ եկամտային հարկ կիրառած երկրներ տարբեր գործիքներ կիրառելով (չհարկվող շեմ, հարկվող եկամտից որոշակի նվազեցումներ, ընտանեկան եկամտի այլ ռեժիմով հարկում և այլն) իրականում որոշակի պրոգրեսիվություն են մտցրել` դա էլ շատերը գիտեն (բացառություն` Վրաստան, որտեղ եկամուտների բևեռացումը խորացել է համահարթի ներդրումից հետո):
9.Հիմա այս ամենով հանդերձ, եթե համարենք այսքան նշածները առոչինչ, բա լավ չե՞ք մտածում, որ աճող պետական պարտքի սպասարկում, բանակի և սոցիալական ծախսեր և հետևաբար փոքրացող և շատ փոքրացած ֆիսկալ միջակայք ունենք և համահարթի արդյունքում էլի բյուջեի եկամուտներ ենք կորցնում:
Բա ինչպե՞ս ենք երկիր սարքելու, բա ենթակառուցվածքներում ինչպե՞ս ենք ներդրում անելու, դպրոցներ ինչպե՞ս ենք կառուցելու, խոստացված առողջության համընդհանուր ապահովագրությունը ինչպե՞ս ենք ներդնելու ու էլի լիքը ինչպեսներ:
Պարտքի հաշվի՞ն: Լա՞վ եք մտածել: Թե պլանը սա է, և հույսներդ պարտքը, էս գլխից ժողովրդին ազնիվ ասեք, ասեք, որ երկիրը շուտով վարի եք տալու վերջնականապես, թող ամեն մեկը իր գլխի ճարը տեսնի»: