Էջմիածնում հայտնի հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի
Էջմիածնում հայտնի հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերվել է գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 15․50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Ալավերդյան 8 հասցեում գտնվող «Էյջ Ռեզորթ» հյուրանոցային համալիրի համարներից մեկում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված հյուրանոցային համալիրի 10-րդ համարում հայտնաբերել են արնաշաղախ վիճակում, գլխի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի։
Մինչ դատական բժիշկն ու քննիչն աշխատում էին դեպքի վայրում, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Գևորգ Միքայելյանի գլխավորությամբ, պարզել են, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Սերժիկ Ղ․-ն է։
Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «ТТ» տիպի ատրճանակ և մեկ հատ կրակված պարկուճ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ․Շամշյանի տեղեկություններով, տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ ավազակային հարձակում կատարելու համար։
Ոստիկանություն դեպքի մասին ահազանգել է հյուրանոցային համալիրի տնօրեն Հայկ Հովհաննիսյանը, իսկ նրան ահազանգել են հյուրանոցի աշխատակիցները, ովքեր տեսնելով, որ տղամարդը չի արձագանքում դռան զանգերին, կոտրել են դուռը, որտեղ էլ հայտնաբերել են նրան մահացած։