«Էմ Ջի»-ն աշխատանքից հեռացրել է միայնակ մորը, քանիոր պատասխանել է իրեն վիրավորող մենեջերին
«Հրապարակ»-ը գրում է․ «Այն, որ սուպերմարկետներում աշխատելիս քարե նյարդեր պետք է ունենաս, շատերը գիտեն: Մեր նամակագիրը, որն աշխատել է սուպերմարկետում, արժանացել է վատ վերաբերմունքի, ապա նրան, առանց լուրջ պատճառի, հեռացրել են։ «Մի խնդրի մասին եմ ուզում խոսել, որը շատ արդիական է, ձեզ խնդրելու եմ հրապարակեք, որովհետեւ ես միայն իմ անունից չեմ խոսում, այլեւ բազմաթիվ մարդկանց, ովքեր երկար տարիներ աշխատել են «Էմ Ջի» սուպերմարկետների ցանցում եւ անարդար վերաբերմունքի են արժանացել»,- իր նամակում գրել է Ք. Գեւորգյանը:
«Ես անուններ էլ եմ նշելու, ովքեր անմարդկային ձեւով են վարվել ոչ միայն իմ, այլեւ շատ աշխատողների նկատմամբ, ես հիմա իմ դեպքն եմ ներկայացնելու, եթե պետք լինի, մյուսներինն էլ կներկայացնեմ: 2021 թվականի մայիսի 4-ից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 27-ն աշխատել եմ Նոր Նորքի 5-րդ զանգվածի «Էմ Ջի» սուպերմարկետում եւ անընդհատ բախվել անհարգալից վերաբերմունքի թե՛ գործադիր տնօրեն Հասմիկ Էլոյանի կողմից, թե՛ մենեջեր Արմինե Մարտիրոսյանի։ Հաճախորդի ներկայությամբ դրսեւորել են վատ վերաբերմունք, իմ իրավունքներն են ոտնահարել: Ինձ անհիմն հեռացրել են գործից՝ պատճառաբանելով այն հանգամանքը, որ ես չեմ ենթարկվել։ Մի մենեջերն ինձ ասում է.
«Կասսայից դուրս արի, որ նոր փորձաշրջան անցնող գանձապահին սովորեցնես, ապրանքները ցույց տաս, թե որ ապրանքն ինչ կոդի տակ պետք է հաշվի»։ Մյուս մենեջերն էլ ինձ հաճախորդների ներկայությամբ անհարգալից ձեւով ասում է․ «Հլը անցի կասսա», ու այդ ամենը ներկայացնում են «Էմ Ջի» սուպերմարկետների ընդհանուր ցանցը հսկող Վարդան Միրզոյանին: Նա ինձ հեռախոսով ասում է, որ դիմումս գրեմ ու այլեւս գործի չգամ, առանց ժամանակ տրամադրելու, որ նոր աշխատանք գտնեմ: Ես միայնակ մայր եմ եւ ապրում եմ վարձով: Պատճառն եմ հարցնում հեռախոսազրույցում, թե ինչի չպիտի աշխատեմ՝ ո՛չ գողություն եմ արել, ո՛չ էլ վատ եմ աշխատել, ասում է, որ իրենք այլեւս չեն կարող ինձ հետ աշխատել, որովհետեւ մենեջերին պատասխանել եմ: Ես էլ ասում եմ․ «Մենեջերն ինձ հետ հաճախորդների ներկայությամբ անհարգալից է խոսում, բա ձայն չհանե՞մ»: Միրզոյանն ասում է, որ ինքն է այդպես կարգադրել, մի խոսքով, ինձ գործից հեռացրին՝ վերջնահաշվարկս էլ չեն տալիս, նաեւ չեն տալիս աշխատավարձի 20%-ը, որն ամեն ամիս տալիս էին: Ինձ թողեցին առանց աշխատանք, առանց փող, ժամանակ չտվեցին, որ այլ աշխատանք գտնեմ: Նաեւ մի շատ կարեւոր կետ եմ ուզում նշել. օրենքով մենք շաբաթական պիտի աշխատեինք 40 ժամ, բայց մեզ աշխատեցնում էին եւ հիմա էլի աշխատեցնում են 56 ժամ: Մեզ արձակուրդ էր հասնում տարեկան 24 աշխատանքային օր, իրենք տալիս էին 14 օր, ու այսպես շատ բան կարող եմ թվարկել»։
Մեր զրուցակիցը պատմեց, որ մեկ այլ աշխատողի էլ գործից հանել են այն պատճառով, որ Վարդան Միրզոյանից ներողություն չի խնդրել, իսկ ներողություն պիտի խնդրեր, որովհետեւ ասել էր․ «Դուք միայն խանութում եք պարոն Միրզոյան, իսկ դրսում ինձ նման սովորական մարդ եք»»: