Շոու-բիզնես

Իմ անունը փորձում են շպրտել ցեխի մեջ․ Էլեոնորա Պետրոսյանի գրառումը

Էլեոնորա Պետրոսյանն ինստագրամի իր էջում հանդես է եկել գրառմամբ՝ մանրամասնելով իրավիճակը։

«Պաշտպանում եմ իմ ճշմարտությունը՝ որպես կին, որպես մայր, որպես մարդ։

Շատ ժամանակ լռել եմ՝ հարգելով իմ ընտանիքը, իմ երեխաների հոգին, իմ ներսի Աստվածավախ մարդուն։ Բայց կան պահեր, երբ լռությունը դառնում է մեղսակցություն։ Երբ իմ անունը փորձում են շպրտել ցեխի մեջ, ես այլևս լռել չեմ կարող։

Ես չեմ մեղադրում, չեմ վիրավորում, չեմ նսեմացնում։ Բայց պահանջում եմ արդարություն և ճշմարտություն։ Մեղադրանքները, որ հնչում են իմ հասցեին, չեն արտացոլում իրականությունը։ Ցավալի է, երբ մարդ իր իսկ արարքների պատասխանատվությունը փորձում է բարդել մեկ ուրիշի ուսերին։ Բայց ավելի ցավալին այն է, երբ այդ մարդը եղածն էլ մոռանում է՝ բամբասելով, զրպարտելով, աղավաղելով ճշմարտությունը։

Ես չունեմ թաքցնելու ոչինչ։ Ունեմ փաստեր, ունեմ հիշողություններ, ունեմ շատ ցավոտ ու հստակ հիշողություններ, որոնք կարող են ապացուցել իմ անմեղությունն ու միաժամանակ ուրիշի իրական դեմքը։ Բայց ես չեմ վազում վրեժի հետևից։ Ես ուղղակի ուզում եմ, որ բոլորը իմանան ճշմարտությունը։

Էլեոնորա Պետրոսյան

Ես Աստվածավախ մարդ եմ, ու եթե մինչև այսօր չեմ հրապարակել այն ամենը, ինչ կարող էի՝ ապա դա միայն իմ երեխաների հոգեկան անդորրն է եղել։ Բայց այս լռությունը չպետք է մեկնաբանվի որպես մեղավորություն։

Ցանկացած մեկն, ով լսել է իմ հասցեին մեղադրանքներ՝ եթե ձեզ համար ճշմարտությունն արժեք ունի, խնդրում եմ՝ պահանջեք ապացույցներ։ Իսկ ես իմ խոսքի տակ ստորագրում եմ, և անհրաժեշտության դեպքում կցուցադրեմ ողջ փաստերը։

Ես ապրում եմ մաքուր խղճով։ Ու որքան էլ դժվար է՝ ես ուժ եմ գտնում բարձր գլխով քայլելու՝ որպես կին, որպես մայր ու որպես մարդ, ով երբեք չի դադարել հավատալ, որ վերջում ճշմարտությունը հաղթում է»,- գրել է պարուհին։