Էլեկտրամոբիլների գույքահարկը կնվազեցվի․ ինչ նոր որոշումներ կան
Գործադիրը կայացրել է որոշում, որը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների գրանցման գործընթացի լավարկման, այն հանրային պահանջարկին և տեխնոլոգիական զարգացումներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Այսպես, ՀՀ ՆԳՆ-ն հանդիսանում է տրանսպորտային միջոցների գրանցում և կադաստր վարող լիազոր մարմին և այդ գործընթացում տրանսպորտային միջոցների տվյալները (այդ թվում՝ շարժիչի հզորությունը) հավաքագրում է անձի կողմից ներկայացված տվյալների և տեղեկությունների հիման վրա՝ չունենալով տրանսպորտային միջոցի շարժիչի հզորությունը որոշելու լիազորություն։
Որոշմամբ առաջարկվում է նախատեսել այնպիսի կարգավորում, որը կարտացոլի էլեկտրամոբիլի շարժիչի հզորության օբյեկտիվ չափը, քանի որ այն կվերցվի էլեկտրոնային անձնագրեր ձևակերպելու լիազորություն ունեցող մարմինների կամ կազմակերպությունների կողմից տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգի ադմինիստրատորի էլեկտրոնային շտեմարանից, իսկ շտեմարանում դրա բացակայության դեպքում՝ կորոշվի՝ հիմք ընդունելով՝ 1) մինչև ներառյալ 250 ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում՝ տվյալ տրանսպորտային միջոցի պիկային հզորության և 1.5 գործակցի քանորդը, 2) 251 կամ ավելի ձիաուժ առավելագույն (պիկային) հզորության դեպքում՝ 250 ձիաուժի ու 1.5 գործակցի քանորդի և 250 ձիաուժը գերազանցող ձիաուժերի ու 2.5 գործակցի քանորդի գումարը։
Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում են անցումային լուծումներ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների մասով։ Վերջիններիս շարժիչի հզորության արժեքի վերաբերյալ տրանսպորտային միջոցների հաշվառման էլեկտրոնային ռեգիստրում և թվային հաշվառման վկայագրում առկա տեղեկությունն ինքնաշխատ եղանակով կփոփոխվի նախագծով առաջարկվող հիմքերից որևէ մեկով ստացված տեղեկությամբ, ընդ որում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գրանցված էլեկտրամոբիլների պարագայում՝ էլեկտրամոբիլի գրանցման օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Բացի այդ, նախատեսվում են նաև տվյալների փոփոխության վերաբերյալ սեփականատերերին և տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկելու կարգավորումներ։
Արձագանքելով՝ վարչապետը նշել է, որ վերջին ամիսներին դիմումներ և նամակներ էին ստացվում այն մասին, որ էլեկտրամոբիլների գույքահարկի վճարման համակարգը ճիշտ չի արտացոլում իրավիճակը: «Մենք լսեցինք փաստարկները և տեսանք, որ իսկապես այդ մեքենաների մասին մեր սովորական պատկերացումները պետք է փոխվեն: Հիմա մենք այս կարգավորումն անում ենք, որը տեղավորվում է նաև էլեկտրամոբիլների օգտագործումը խթանելու տրամաբանության մեջ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:


