Ժամանց

Էդ կամուֆլյաժով տղան մոտեցավ ինձ ու պինդ գրկեց, ասեց՝ չես վախեցել չէ, դուխդ չգցես, ես ստեղ եմ

Էդ կամուֆլյաժով տղան մոտեցավ ինձ ու պինդ գրկեց, ասեց՝ չես վախեցել չէ, դուխդ չգցես, ես ստեղ եմ․․․ Օգտատեր Վիկա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Բարլուս ձեզ․ Մի բան պատմեմ.

Երբ ապրիլի 16-ին մեր վրա նռնակներ գցեցին, 3րդ շարքից ներքև մարդիկ սկսեցին ցրվել, վախեցած բղավել, իրար ոտնատակ տալ` էսթետիկ քաոս էր։ Զինվորական կամուֆլյաժով բարձրահասակ մի տղա նախանձելի համբերատարությամբ մարդկանց էր ուշքի բերում, հերթով հանգստացնում էր բոլորին, էդ ամեն ինչի մեջ չէր մոռանում ամենքին հույս տալ։

Մենք ապշած կանգնած շուրջներս էինք նայում, մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, զարմացել էինք, որ նռնակ էին գցել, թե՞, որ էլի էին պատրաստվում գցել։ Տարօրինակ զգացողություն էր ու ներսում ինչ-որ բան էր ցավեցնում իմ անակնկալ ներկայությամբ։

Անուշ Լալայանի ձեռքից պինդ բռնել էի` էդ պահին իմ կյանքի ամենաթանկ բանն էր ինքը ու էդ սաղից շատ իրա համար էի վախենում, պինդ բռնել էի, որ իրան էլ հանկարծ չկպնեն ու չուզենան խլել, ոնց որ վայրկյաններ առաջ մեր երազանքն էին ուզում գողանալ ու տանել։

Էդ կամուֆլյաժով տղան, ումից ես 1 մետր կարճ էի, մոտեցավ ինձ ու պի՜նդ գրկեց, ասեց` չես վախեցել չէ, ասեցի չէ, ասեց` դուխդ չգցես, ես ստեղ եմ։
Ես երբեք չեմ հասկանա ինչ զգացի էդ պահին ու դրան հաջորդող րոպեներին, բայց ես ամենաապահովն էի էդ հազարների մեջ, ես պաշտպանված էի նռանակաների պայթյուններից, Նիկոլի ձեռքերը արյունլվա արած փշալարերից, նրանից այն կողմ կանգնած զորքից։

Ես ապահով էի իմ ընկերոջ գրկում, ով ինձ հույս էր տալիս ու ստիպում էր հավատալ անհնարինին։
Դավոն ինձ պինդ գրկած հույս էր տալիս, իսկ ես էդ աղմուկի մեջ լսում էի, թե ոնց ա իր սիրտը արագ խփում, էնքան արագ, որ ականջներիս մեջ խլանում էր կողքի խուճապն ու աղմուկը։

Երեկ, դրա նախորդ օրը, այսօր, գուցե և վաղը դուք ուզում ու ձեզ մեջտեղից 69 հավասար մասերի բաժանելով մեղադրում, վարկաբեկում եք մի մարդու, ով տարիներ շարունակ պայքարել ա յուրաքանչյուրիդ փոխարեն, ով հավատացել ա ձեր փոխարեն, ով կանգնած ա մնացել, երբ դուք վախենալով թաքնվել եք մոտակա որևէ պատի կամ ծառի տակ, ով ամաչել ու գլուխը կախել ա ձեր ընտրության ու որոշումների համար, ով ընդունել ա ձեր վրա եկող հարվածներից առաջինն ու ամենածանրը։

Չգիտեմ, թե դուք ինչի կամ ում եք հավատում,
Չգիտեմ, թե ով է ձեր համար Դավոն կամ Դավիթ Սանասարյանը,
Բայց մի բան ես գիտեմ ու դրան հավատում եմ էնքան ուժեղ, ինչքան չեմ հավատում որևէ մի կրոնի`

Ինձ երբեք, հասկանում եք, երբեք չի կարող խաբել էն սիրտը, որի զարկերը մինչև հիմա իմ ականջների մեջ են,

Ինձ չի կարող խաբել կամուֆլյաժով տղան, ով ինձ հույս է տվել այն ժամանակ, երբ բոլորը փախչում էին,

Ինձ երբեք չի կարող խաբել այն մարդը, ում ես հպարտությամբ ու բարձր գլխով Ընկեր եմ ասում։ Թերևս էդքանը։ Լավ եղեք»։

Կիսվել