Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Էդվարդ Ասրյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Էդվարդ Ասրյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»,- ասված է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Ասրյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը, որում նշանակվել է 2021թ. մայիսի 21-ին:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն, ըստ որի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե կլինի պաշտպանության նախարարի առաջին տեղակալը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ:
Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը թափուր էր փետրվարի 24-ից, երբ ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ստորագրել էր հրամանագիր Արտակ Դավթյանին ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին։