Էդգար Ղազարյանը հանդիպել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, առաջին նախագահը 3 անգամ մերժել է ընդունել
Էդգար Ղազարյանը հանդիպել է ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, առաջին նախագահը 3 անգամ մերժել է ընդունել
Hraparak.am-ը գրում է․ Մենք տեղեկացանք, որ «Անկախություն» շարժման առաջնորդ Էդգար Ղազարյանն օրեր առաջ հանդիպել է Հանրապետության նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ:
Հանդիպումները կայացել են նախկին նախագահների գրասենյակներում: Ղազարյանի խոսքով՝ հանդիպել է ոչ թե որպես նախկին նախագահների, այլ որպես Գերագույն խորհրդի պատգամավորների:
«Այս իմաստով նախկին նախագահները ԳԽ մնացյալ պատգամավորներից ոչնչով չեն տարբերվում», ասում է Էդգար Ղազարյանը: Նա նշում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին շուրջ երեք անգամ հանդիպման առաջարկ է արել, սակայն երեք անգամն էլ մերժվել է տարբեր պատճառներով:
«Առաջին անգամն առողջական խնդիրների հետ էր կապված Տեր-Պետրոսյանի մերժումը, մնացյալները չեմ հիշում, գուցե պարզապես առաջին նախագահը չի ցանկանում հանդիպել ինձ հետ», – նշում է Էդգար Ղազարյանը:
Ի դեպ, թերեւս Տեր-Պետրոսյանի վերաբերմունքի մասին ավելի խոսուն ապացույց է «Չորրորդ իշխանություն» կայքի վերջին շրջանի ընդգծված բացասական վերաբերմունքը եւ ծաղրական հոդվածները Էդգար Ղազարյանի հասցեին։
«Ինչ վերաբերում է երկրորդ և երրորդ նախագահներին, ապա իմ և նրանց հանդիպման մոտիվացիան, նորից եմ կրկնում, նրանց ԳԽ պատգամավոր լինելու հանգամանքն է, այլ ոչ թե նախկին նախագահ լինելը: Ես նրանց հետ քննարկել եմ բացառապես Գերագույն խորհրդի նիստի, դրա խորհրդին ու էությանը վերաբերող հարցեր։
Շարժման հետ կապված հարցեր չենք քննարկել: ԳԽ պատգամավորների հետ հանդիպումներում վերապահումներ չկան, մեր հանդիպումներին է մասնակցել նաև Հովիկ Աղազարյանը և ես դրա համար շատ ուրախ եմ՝ մեկ պարզ պատճառով, նա ևս եղել է ԳԽ պատգամավոր», – պատմում է նա:
Այն հարցին, թե ի՞նչ են քննարկել նախկին նախագահների հետ և օգոստոսի 23-ին նրանք մասնակցելո՞ւ են ԳԽ խորհրդանշական նիստին, Էդգար Ղազարյանը նշեց. «Բողոքի ակցիային միանալ կարող են բոլորը, այս առումով նրանք էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մասն են, սակայն ԳԽ պատգամավորների հետ հանդիպմանը կարծում եմ նրանք ևս կմիանան, ճիշտ կլինի հենց իրենց գրասենյակներից հստակ ճշտեք»,- ասաց նա:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում