«Զվարթնոց» օդանավակայանում բռնել են Երևանում՝ «San Marco» լողավազանից, ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին
«Զվարթնոց» օդանավակայանում բռնել են Երևանում՝ «San Marco» լողավազանից, ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների, ինչպես նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հետ, մի քանի օր շարունակ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել են սեպտեմբերի 4-ին Երևանում՝ Աշտարակի խճուղում գործող «San Marco» լողավազանի տարածքից Միացյալ Նահանգներում հայտնի բիզնեսմենի կնոջը առևանգողներին։
Ոստիկանները մի քանի խմբերի են բաժանվել, եղել են 3 տասնյակից ավելի հասցեներում, այդ թվում՝ մարզերում՝ համագործակցելով ոստիկանության մարզային վարչությունների իրենց գործընկերների հետ, և այսօր՝ ժամեր առաջ, Հայաստանի սահմանը «Զվարթնոց» օդանավակայանով լքելիս, ժողովրդի լեզվով ասած՝ «թռնելիս», բռնել և վնասազերծել են 3 կասկածյալներին, որոնք հավաստի տեղեկություններով ու բավականին զորեղ փաստերով կապ են ունեցել առևանգման հետ։
Վերջիններս տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղից էլ նրանց ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների և ԱԱԾ-ականների հմուտ գործողությունների շնորհիվ Տավուշի մարզի գյուղերից մեկում հայտնաբերվել է առևանգված կինը, ում կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Այս դեպքը կարելի է համալրել Հայաստանի նորանկախ պատմության մեջ ոստիկանություն – Ազգային անվտանգության ծառայություն – Քննչական կոմիտե համագործակցության արդյունքում փայլուն բացահայտված դեպքերի շարքին։
Առևանգում կատարողները մտերիմ հարաբերության մեջ են եղել առևանգված կնոջ՝ ԱՄՆ-ում բնակվող ամուսնու հետ, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ այս պահին չենք հայտնում։