Մամուլ

Զորականում անչափահասները ծեծել են մի տղայի. 5-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որում 4-5 դեռահասներ բռնություն են կիրառում մի պատանու նկատմամբ, ստորացնում նրան, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում:

Ըստ տեղեկությունների՝ բռնության ենթարկող տղաները Զորական գյուղի դպրոցի բարձր դասարանների աշակերտներ են, իսկ բռնության ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի քոլեջներից մեկի սան:

Քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։

Սակայն մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, մարդուն առևանգելու, ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Սկզբում 5-ի նկատմամբ էլ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան: 4-ի նկատմամբ բավարարվել է 20-օրյա ժամկետով, իսկ մեկի նկատմամբ սահմանվել է տնային կալանք: Երբ եկել է կալանքը երկարաձգելու ժամանակը, դատարանը մերժել է 4-ի նկատմամբ երկարաձգման միջնորդությունը, իսկ մեկի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք:

Ըստ տեղեկությունների՝ ծեծի ենթարկող անչափահասներից մեկը ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի որդին է եղել: