Մամուլ

Զովունիում անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածներն ու «Volkswagen»-ի վարորդը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Վրաերթ-վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով «Volkswagen»-ը տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Կիսվեք էջում