Զոդի կամրջի մոտ «BMW»-ն բախվել է գազատար խողովակին և գլխիվայր շրջվել. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01:10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 մայրուղու 51 կմ հատվածում Զոդի կամրջի մոտ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արարատի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անահիտ Պողոսյանն ու Վահե Միքայելյանը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


