Զինվորի գլխին էր խփում՝ կայֆավատ էր լինում վրան․ Մեղրիի զորամասի աղմկահարույց դեպքի մանրամասները
Զինվորի գլխին էր խփում՝ կայֆավատ էր լինում վրան․ Մեղրիի զորամասի աղմկահարույց դեպքի մանրամասները
Մի քանի օր առաջ Մեղրիի զորամասը լքելու համար մոտ 2 տասնյակ զինծառայող տեղափոխվել է Արցախի զորամասեր, որպես «պատիժ»: Պատժվել է նաեւ հրամանատարական կազմը, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: Մեղրիում տեղի ունեցածի մասին 3 օր առաջ բարձրաձայնել էր զինվորներից մեկի մայրը:
Տիկնոջ հայտարարությանն արձագանքեց ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հայտարարելով, որ տեղեկությունը միակողմանի է ներկայացվում, ՀՀ ԶՈւ-երում կարգազնացությունները և անհնազանդությունները անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Ինչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում: «Հայկական ժամանակ»-ը գնացել է սույն տեղեկության հետքերով:
Զորամասի հրամանատարի մարտական պատրաստության գծով արդեն նախկին տեղակալ, փոխգնդապետ Արմեն Գասպարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում բուն պատճառները չեն ասվում, թե ինչ է եղել. «Մի շարք զինծառայողներ բավականին լկտի են իրենց պահել: Բազմիցս հրամանատարության կողմից տույժերի են ենթարկվել»,- ասաց Գասպարյանը:
Նրա խոսքով՝ բուն պատճառն առաջացել է մեկ զինծառայողի՝ շարքային Կ. Մուսայելյանի պատճառով: «Այդ զինծառայողը մեր դժվար դաստիարակվողների ցուցակի մեջ է, բազմիցս կալանքների է ենթարկվել: Սրանից մի ամիս առաջ էլ քրեական գործ է հարուցվել նրա դեմ՝ թմրանյութ պահելու համար:
Գալիս է մեր բանակային կորպուսի հրամանատար գեներալ Վալերի Քոչարյանը, զրուցում է նրանց հետ, բացատրում է, որ նորմալ ծառայեք՝ հասեք ձեր ընտանիքներին, բայց այս զինծառայողների վրա չի ազդում: Շարք չեն կանգնում, այլ համազգեստով են լինում՝ սպաների համար թույլատրված, սափրված չեն լինում, այլ սապոգներ են հագնում»,- ասաց Գասպարյանը:
Մեր հարցին՝ ի սկզբանե նրանք այդպե՞ս են ծառայել, Գասպարյանը պատասխանեց.
«Ոչ, այդպիսի բան չի եղել: Այդ զինծառայողին մնում էր 3 ամիս, որ զորացրվեր: Մինչեւ զինվորական երդում ընդունելը այդ զինծառայողը գլուխ էր պահում, թե չէր կարողանում քայլել, զանգել եմ ծնողին, բացատրել եմ, որ ձեր տղան չի կարողանում քայլել: Ուղարկել ենք հոսպիտալ, ամեն ինչ նորմալ է եղել: Երդման արարողության օրը պարզվեց, որ նորմալ էլ քայլում է:
Հետո նրա բջջային հեռախոսի մեջ հայտնաբերեցինք, որ նա մի զինվորի գլխին էր խփում, կոպիտ ասած՝ կայֆավատ էր լինում վրան: Դրանից հետո կալանք ենք ուղարկել: Բանակային կորպուսի հրամանատարը խոսելուց հետո հասկանում է, որ նա չի ուղղվում եւ որոշում է Մուսայելյանին տեղափոխել այլ զորամաս: Նա էլ իմանալով, որ իրեն տեղափոխում են ուրիշ զորամաս, մարտի 17-ին գալիս մտնում է մեր զորամասի հրամանատարի մոտ եւ ասում է. «Էդ լսել եմ ինձ տեղափոխում ե՞ք», հրամանատարը ասել է՝ այո, նա էլ, թե՝ դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ:
Մուսայելյանը անձնակազմին շարում է, ստորաբաժանումներում իր ընկերների հետ է խոսում՝ 20 հոգուց ավելի, որ հիմա կալանքի տակ են, պայմանավորվում են, որ զորքը հանեն, տանեն քաղաք, որ Մուսայելյանին չտեղափոխեն: Ու իրենք այդպես անհնազանդություն են դրսեւորում, զորքը ճաշարան չի մտնում՝ մինչեւ Մուսայելյանը չի ասում: Զինվորներն էլ ուզած-չուզած նրան լսում են, որ հետո իրար մեջ խոսակցություն չունենան:
Գնում են քաղաք մոտ 200-250 զինծառայող: Գնում եմ, իրենց մոտ խոսում եմ, ոստիկանություն, ոստիկանության պետ, հրամանատարական կազմ, բոլորը այնտեղ են լինում: Զինծառայողները ինձ տեսնում են, ասում են՝ պարոն փոխգնդապետ, չենք թողնում մոտիկանաք Կարոյին:
Հետո քաշում եմ մի կողմ, Կարոյին ասում եմ՝ այս ի՞նչ ես անում, նա էլ՝ թե բա պարոն փոխգնդապետ, հորս արեւ, էս ձեր թեման չի, դուք գնացեք, գործ չունեք: Զինվորներն էլ չեն թողնում նրան: Ու այդ ամբողջ անձնակազմը հարբած են լինում: Հետո հրամանատարն էլ է գալիս, խոսում ենք, նրանց բերում ենք զորամաս:
Երեկոյան չեն քնում, ասում են՝ մենք ուզում ենք հրամանատարը երաշխիք տա, որ Կարոն չի տեղափոխվելու զորամասից: Հրամանտարն ասում է՝ բարձրացեք վերեւ, ես կորպուսի հրամանատարի հետ կխոսեմ: Նրանք էլի չեն քնում, սկսում են բարձր ձայներ հանել, գոռալ»,- պատմեց զորամասի հրամանատարի տեղակալը:
Գասպարյանի խոսքով՝ զորամաս է այցելել նաեւ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ բացատրել է, որ սիրուն բան չեն անում: «Նրանք էլ ասում են՝ մեզ երաշխիք է պետք, որ Մուսայելյանը չի տեղափոխվելու զորամասից: Հաջորդ օրը բանակային կորպուսի հրամանատարը գալիս է նրանց հետ խոսելու: Զորամասի հրամանատարը Մուսայելյանենց գումարտակին հրաման է տալիս, որ բարձրանան վերեւ՝ խոսելու համար:
Հրաման է տալիս, չեն կատարում զորամասի հրամանատարի հրամանը: Ասում է՝ չե՞ք լսում, որ ասում եմ՝ քայլով մարշ, դարձյալ ռեակցիա չեն տալիս: Մուսայելյանն ասում է՝ քայլեք, նրանք քայլում են դեպի դուրս, այլ ոչ վերեւ՝ խոսելու: Հետո հաջողվում է նրանց բերել՝ խոսելու: Կորպուսի հրամանատարն ասում է՝ չենք տեղափոխելու մի որոշ ժամանակ, մինչեւ տեսնենք՝ այս վիճակն ինչ է լինելու:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքից։