Մամուլ

«Զինվորականներին անտոկոս վարկ ենք տրամադրելու». Նիկոլ Փաշինյան

Ինչպես և խոստացվել էր, Նիկոլ Փաշինյանը սկսեց պատասխանել իր էջում ուղիղ եթերի մասին ազդարարող գրառման տակ շարադրված ամենաշատ հավանումների արժանացած հարցից։ Դա վերաբերում էր հիփոթեքային վարկերի տոկոսադրույքի բարձր լինելուն և թե արդյոք շարունակվելու է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մեկնարկած մասնագետներին մատչելի բնակարանով ապահովելու պետական աջակցության ծրագիրը։

Վարչապետը տեղեկացրեց, որ այդ խնդրով այժմ աշխատանքներ են տարվում Կենտրոնական բանկի հետ համատեղ և որի շուրջ վաղը խորհրդակցություն է հրավիրել, հավելելով` «Կարծում եմ լավ լուրեր կունենանք»:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կշարունակվի և նոր թափ կստանա «Բնակարաններ երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը և կմեկնարկի «Բնակարաններ զինծառայողներին» ծրագիրը: Բայց նորությունն այն է, որ կունենք վարկի ցածր տոկոս, 7-7.5 տոկոսանոց հիփոթեքային վարկեր, իսկ զինվորականներինը կլինի անտոկոս։

«Մենք հասկանում ենք, որ սա սկիզբն է և ծրագիրն ինչքան հաջող ընթանա, տոկոսներն ավելի կիջնեն»,–շեշտել է վարչապետը։

«Կանխավճարների մասով նախատեսումենք, որ դրանք կնվազեն: Մասնավորապես՝ զինվորականների դեպքում կլինի 10 տոկոս, իսկ երիտասարդ ընտանիքների դեպքում 30 տոկոսից կիջնի 20 տոկոս: Սրանք նախնական տվյալներն են, վաղվա խորհրդակցության ընթացքում շատ բան պարզ կլինի»,-տեղեկացրեց նա, ավելացնելով, որ նպատակ է դրվել նաև, որ շինարարությունը չկենտրոնանան Երևանում, որպեսզի պետությանը վճարվելիք եկամտահարկով վարկի մարմանը մասնակցեն նաև մարզերի բնակիչները:

Աղբյուր՝ armeniasputnik.am

Կիսվել