Զգացի ամեն ինչ նորմալ է, անդորր է՝ քաղաքական առումով, որոշեցի, որ պետք է բիզնեսով զբաղվեմ
Զգացի ամեն ինչ նորմալ է, անդորր է՝ քաղաքական առումով, որոշեցի, որ պետք է բիզնեսով զբաղվեմ
Hraparak.am-ը գրում է․ Այս տարվա հունվարի 26-ին Նիկոլ Փաշինյանի հրամանով պաշտոնից ազատվեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։
Հեղափոխությունից հետո Սարգսյանների ընտանիքը Նիկոլ Փաշինյանի գլխավոր հենարաններից էր՝ երկվորյակ եղբայրներից մեկը վարչապետին էր ուղեկցում ամենուր՝ օգնականի կարգավիճակում, մյուս եղբայրն ԱԺ պատգամավոր էր եւ նախընտրական փուլերում էր մեծ ծառայություններ մատուցում՝ կոորդինացնելով ձայներ բերելու գործընթացը, իսկ հայրը՝ Զարեհ Սարգսյանը, ստվերային աջակիցներից էր եւ կառավարման գործընթացներում լուրջ դերակատարում ուներ այս տարիներին։
Օգնական Նաիրի Սարգսյանի անակնկալ ազատումը որեւէ կերպ չբացատրվեց, թեեւ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ նա շուտով Կանադայում դեսպան է նշանակվելու, հետո գրվեց, թե նրա ազատումն առնչվում է դեռ 2021 թվականի նոյեմբերից ԱԱԾ-ում քննվող «զրահաբաճկոնների» քրեական գործին։
Մեզ եւս նման տեղեկություններ են հասել, ուստի կապվեցինք Նաիրի Սարգսյանի հետ՝ լսելու նրա մեկնաբանությունը, թե ինչու է ազատվել պաշտոնից, ինչով է զբաղվում հիմա։ Նաիրի Սարգսյանն ասաց, որ գտնվում է Դուբայում, ավելի ուշ Տիկ-տոկում տեսանյութ տեղադրեց, թե ինչպես է ծովում լողում, հանգստանում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մտադիր է բիզնեսով զբաղվել ու Դուբայ հենց այդ գործերով է մեկնել։ «Իմ ազատման պատճառների վերաբերյալ ինչ գրվել է մամուլում, բոլորը սուտ է, տարբեր հորինված բաներ են, մարդկանց երեւակայության արդյունք է։ Ես ո՛չ դեսպան եմ ուզում գնալ, ո՛չ էլ որեւէ այլ պաշտոնի։
Առհասարակ, պետական պաշտոն չեմ ուզում ստանձնել։ Նախորդ չորս տարիներին, որ աշխատել եմ, բավականին ծանր է եղել։ Արդեն վաղուց որոշում ունեի, որ մասնավոր ոլորտում բիզնեսով զբաղվեմ։ Խառը ժամանակ, բարդ շրջանում, երբ պատերազմ էր, քովիդ եւ այլն, ճիշտ չէր լինի իմ դուրս գալը աշխատանքից։
Դրա համար հենց զգացի՝ ամեն ինչ նորմալ է, անդորր է՝ քաղաքական առումով, ընտրություններն անցել են, որոշեցի, որ պետք է բիզնեսով զբաղվեմ։ Հիմա նաեւ նմանատիպ հանդիպումների համար եմ եկել էստեղ»։
Բայց տեղեկություններ կան, թե Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել են, որ Դուք եւ Ձեր եղբայրը՝ Հայկ Սարգսյանը, ինչ-որ ֆինանսական չարաշահումներ եք թույլ տվել, դուք վստահեցրել եք Փաշինյանին, որ նման բան չկա, հետո նրան փաստեր են ներկայացրել, որից հետո տհաճ խոսակցություն եք ունեցել, նա զայրացել է եւ Ձեզ ազատել աշխատանքից։
Ես որեւէ չարաշահման հետ, բնականաբար, կապ չունեմ, նմանատիպ հոդված է եղել ինտերնետում, որ իբր զրահաբաճկոնների հայտնի թեմայում ես մասնակցություն ունեմ, ինչ-որ քրեական գործեր կան եւ այլն։ Հավաստիացնում եմ, որ ես բացարձակապես որեւէ կապ չունեմ որեւէ բրոնեժիլետի հետ, առաջին անգամ ես դրա մասին իմացել եմ էդ հոդվածից ու, բնականաբար, որեւէ չարաշահման հետ ես կապ չունեմ։
Իսկ եթե տեսականորեն նայենք, որ դա իրականություն է, ինձ ոչ թե վարչապետը կազատեր օգնականի պաշտոնից, այլ ուղղակի ինձ կդատեին, ինչպես, օրինակ, վարչապետի բարեկամներից մեկին դատեցին, ով որ ինչ-որ օրենքի խախտում էր թույլ տվել։ Ավելի շուտ՝ ոչ թե դատեցին, այլ քրեական գործ հարուցվեց, չգիտեմ՝ դատվե՞ց էդ մարդը, թե՞ չէ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում