Զարդեր, գինիներ, ինքնաթիռ. ադրբեջանցի բանկիրի կինը՝ ֆինանսական սկանդալի հերոս
Ադրբեջանի միջազգային բանկի նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի տիկնոջ՝ Զամիրա Հաջիեւայի մասին այս օրերին գրում են անգլիական բոլոր առաջատար լրատվամիջոցները: Պատճառը նրա՝ վերջին տասը տարվա ընթացքում Բրիտանիայում արված ահռելի ծախսերն են: Միացյալ Թագավորության Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը (NCA) պահանջել է նրանից բացահայտել հարստության աղբյուրը:
Զամիրայի ամուսինը՝ Ջահանգիր Հաջիեւը 2016 թ. հոկտեմբերին վատնումների եւ խարդախության համար Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանի կողմից դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման եւ ներկայումս կրում է իր պատիժը: Նա մինչ օրս հերքում է բոլոր մեղադրանքները: Հաջիեւը բողոքարկել էր դատարանի որոշումը, սակայն դատավճիռը մնացել էր անփոփոխ: Նա նաեւ կոչ էր արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ քննել իր գործը: Հաջիեւի փաստաբանները պնդում են, որ նրա ազատազրկումը քաղաքական դրդապատճառներով է: Նշվում էր, թե իբր Հաջիեւը ազատազրկվել է Ադրբեջանի իշխող շրջանակների հետ հակասությունների պատճառով:
Ինչ վերաբերվում է նրա տիկնոջ գործին, ապա, Financial Times-ի հաղորդմամբ՝ դատական լսումները Լոնդոնի Բարձր դատարանում սկսել էին դեռեւս հուլիսին, սակայն դրանց վերաբերյալ տեղեկատվությունը լայն տարածում է գտել այն բանից հետո, երբ լրացել է ԶԼՄ-ների համար այդ տեղեկատվությունը չհրապարակելու դատական արգելքի ժամկետը: Լրագրողների պնդմամբ՝ տվյալների բացահայտումը բխում էր հասարակության շահերից:
Զամիրա Հաջիեւայից պարզաբանումներ են պահանջել անշարժ գույքի երկու օբյեկտների՝ Նայթսբրիջ թաղամասի 11.5 միլիոն ֆունտ արժողությամբ տան եւ Ասքոթ քաղաքի արվարձաններում գտնվող 10.5 միլիոն ֆունտ արժողությամբ հողատարածքի վերաբերյալ: Այն գտնվում է Միլ Ռայդ էլիտար գոլֆ-ակումբի տարածքում եւ կազմում է ակումբի ընդհանուր տարածքի կեսը: Հողատարածքը ձեռք է բերվել Հաջիեւային պատկանող կազմակերպության կողմից: Տունը ձեռք է բերվել Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված կազմակերպության կողմից, որը, NCA-ի պնդումների համաձայն՝ նույնպես պատկանում է Հաջիեւներին: Եթե Հաջիեւան չկարողանա ապացուցել ծախսված գումարների օրինականությունը՝ նրա ունեցվածքը կարող է բռնագրավվել:
Հաջիեւան չի ընդունում իր մեղքը: Նրա փաստաբանները հայտարարել էին, որ NCA-ի կողմից հարցման փաստը չի նշանակում, որ նա կամ իր ամուսինը որեւէ հանցագործություն են կատարել, մինչդեռ NCA-ի փաստաբանները պնդում էին, որ Հաջիեւների ծախսերը էականորեն գերազանցում են Ադրբեջանի Միջազգային բանկում Ջահանգիր Հաջիեւի վաստակած գումարը: Հաջիեւների փաստաբանները Բարձր դատարանում հայտարարել էին, որ ամուսինները անարդարության զոհ են: Նրանք փորձում են դատարանի միջոցով չեղարկել հարցումը: Հաջիեւան դատարանում հայտարարել է, որ իր ամուսինը արդար գործարար է, որին, իբր, հաջողվել է հարստանալ գործարարությամբ՝ մինչեւ բանկի ղեկավար դառնալը: Սակայն NCA-ը պնդում է, որ 1993-ից մինչեւ 2015 թ. Հաջիեւը պետական ծառայող է եղել եւ չէր կարող նման խոշոր գումարներ վաստակել:
Աղբյուր՝ armtimes.com