Մամուլ

Զանգեց, ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի

Զանգեց, ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի

NEWS.am-ը գրում է․ 33-ամյա մայոր Լևոն Սարգսյանը մեկ շաբաթ էր, ինչ վերադարձել էր Աֆղանստանում խաղաղապահական առաքելությունից, երբ պատերազմը սկսվեց։ Թիկունքում թողնելով կնոջն ու երկու երեխաներին՝ հենց առաջին օրը մեկնեց առաջնագիծ։ Օմարից կնոջը հասցրեց զանգել միայն մեկ անգամ․ հենց հաջորդ օրը ստացվեց նրա մահվան լուրը։

«Առաջնագծից երրորդ գիծ էր իջեցրել բոլոր ժամկետային զինծառայողներին, ասելով՝ սա ձեր տեղը չէ, և նրանց փոխարինել իր ջոկատով։ Ամսի 27-ին, երբ զանգեց, ինձ ասաց՝ ես մեկ Աստված ունեմ և մեկ Մարիամ․ ինձ հետ ոչինչ չի պատահի։ Ես միշտ կարողանում էի զսպել արցունքներս, բայց այդ ժամանակ չկարողացա․ կարծես սիրտս զգում էր»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց մայորի կինը՝ Մարիամ Հակոբյանը։

Օմարի մայոր

Լևոն Սարգսյանը ութերորդ դասարանն ավարտելուց հետո սովորել էր Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև՝ 2008 թ․, լեյտենանտի կոչմամբ անցել էր զինվորական ծառայության Ջաբրայիլում։

«Մենք 2016 թ․ հունվարին վերադարձանք Երևան՝ ամուսնուս ութ տարվա Ջաբրայիլի ծառայությունից հետո։ Ապրիլյան պատերազմին ամուսինս չհասցրեց մասնակցել, բայց պատերազմում ընկավ նրա լավագույն ընկերներից Ալիկ Առաքելյանը։

Լևոնի երազանքը որդի ունենալն էր։ 2016թ․ ապրիլի 12-ին Լևոնն ինձ տեղափոխեց հիվանդանոց՝ մեր որդուն լույս աշխարհ բերելու, և ինքը գնաց Ալիկի հուղարկավորությանը։ Ասաց՝ կներես ինձ, բայց չեմ կարող ընկերոջս վերջին հրաժեշտը չտալ»,- պատմեց Մարիամ Հակոբյանը։

Լևոնը վտանգավոր մասնագիտություն էր ընտրել ու ծառայության անցնելուց հետո մեկ անգամ չէ, որ փրկվել էր մահից։

Լևոն Սարգսյան

«2014թ․ մայիսի 20-ին դիվերսիա էր եղել իր դիրքի ուղղությամբ։ Երբ Լևոնը երեք սպաների հետ շտապել էր օգնության, դիվերասանտներից մեկը կրակ էր բացել «Վիլիսի» ուղղությամբ, բայց չորսն էլ փրկվել էին․ թեպետ մեքենային նայելիս անգամ չես կարող մտածել, որ այդտեղից մարդ կարող է փրկվել»,- պատմեց Մարիամը։

Մարիամն ու Լեւոնն ամուսնացած էին արդեն 10 տարի, երկու երեխա ունեն՝ 9-ամյա Նարինեն և 4-ամյա Գարիկը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել