««Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում». Ալիև
««Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնում». Ալիև
Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական միջազգային հարթակում խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալության ադրբեջանական ծառայությունը։
«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։
Վստահ եմ, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքից»,- հայտարարել է Իլհամ Ալիևը նախօրեին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբատում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ներկայումս լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։
«Այս բոլոր աշխատանքները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության միջոցներից։ 2021 թվականին այդ նպատակների համար պետբյուջեից հատկացվել է 1,3 մլրդ դոլար, առնվազն նույնքան կհատկացվի 2022 թվականին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղը հայտարարվել է «կանաչ էներգիայի» գոտի՝ արևային էներգիայի ներուժն այդ տարածքներում գնահատվում է 7200 մեգավատ, հողմային էներգիան՝ 2000 մեգավատ։