Աշխարհ

Զախարովայի կտրուկ պատասխանը` ադրբեջանցի լրագրողին

Զախարովայի կտրուկ պատասխանը` ադրբեջանցի լրագրողին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավանդական ճեպազրույցի ժամանակ կտրուկ պատասխան է տվել ադրբեջանական Trend գործակալության լրագրողին:

Երկու շաբաթ առաջ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը Trend-ի լրագրողի խնդրանքով մեկնաբանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Արցախը պետք է մասնակցի ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

«Իր վերջին հարցազրույցներից մեկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններն անհնար են առանց Ադրբեջանի օկուպացված տարածքներում ձևավորված անօրինական ռեժիմի մասնակցության: Որքանո՞վ են նման հայտարարությունները բարդացնում կարգավորման գործընթացը և խանգարում կողմերին` ընդհանուր լեզու գտնել»,- հարցրել էր ադրբեջանցի լրագրողը:

«Ընդհանրապես, ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք այդ հարցով ԵԱՀԿ-ի կողմից նախանշված ռելսերից դուրս են, հավանաբար ապակառուցողական են»,- պատասխանել էր Կոժինը:

Ժամեր անց ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում հայտնվել էր ճեպազրույցի սղագրությունը, որում լրիվ այլ պատասխան է. «Ձեր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում ԵԱՀԿ-ի ամրագրած ռելսերի մեջ, հավանաբար ոչ կառուցողական են»:

Trend-ի լրագրողն ասօր բարձրացրել է այդ հարցը և հետաքրքրվել Զախարովայից` ԱԳՆ կայքը չի՞ պատրաստվում ուղղել այդ սխալը, քանի որ Կոժինի ասածի իմաստն ամբողջովին փոխվում է: Զախարովան ի պատասխան ասել է, որ դա մանրախնդիր մոտեցում է` հավելելով, որ բազմիցս ականատես է եղել այն բանին, թե ինչպես են աղավաղվում իր խոսքերը:

«Ինչ-որ չեմ հիշում նման մանրախնդիր մոտեցում: Մեր ճեպազրույցները պատասխաններ ստանալու համար են, սակայն ես հաճախ եմ տեսնում, որ հարցերը հնչում են ինչպես քաղաքական հայտարարություններ և արվում են ոչ թե խնդիրը կարգավորելու համար, այլ ինչ-որ այլ նպատակենրով»,- ասել է նա` հավելելով, որ չի կարծում, թե ճիշտ է սադրիչ բնույթի հարցեր ուղղելը:

Կիսվել