Մամուլ

Երևան-Սևան ճանպարհի հայտնի փոսի պատճառով՝ «Hyundai Elantra»-ն վթարի է ենթարկվել. ընտանիքի անդամները, այդ թվում՝ երեխա տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հուլիսի 21-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզի Աբովյան վարչական տարածքի այն հատվածում, որտեղ ճանապարհը վարորդների համար դարձել է իսկական պատուհաս։

Ժամը 15:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Ռոբերտ Բ.-ն, իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհին Չայնիի ոլորանների սկզբնամասում, ճանապարհին կուտակված անձրևաջրերի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի բաժանարար հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը՝ երեխա, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատի փրկարարները։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 33-ամյա Վարդուհի Մ.-ն, 39-ամյա Լևոն Խ.-ն և 7-ամյա Էրիկ Բ.-ն։ Նրանք ընտանիքի անդամներ են։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված հատվածը մի իսկական փորձանք է դարձել վարորդների համար և երբ անձրևում է, այդ հատվածում անձրևաջրերը կուտակվում են, վարոդները ավտոմեքենայով հայտնվում են անձրևաջրերի մեջ, կորցնում են մեքենայի կառավարումը և տեղի է ունենում վթար։

Կիսվել