Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ
Երևան-Սևան ճանապարհին մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ փետրվարի 5-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ից 10։00-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-16 կմ հատվածում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել են 20-ից ավելի ավտոմեքենաներ։
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենաներից մի քանիսը բախվել են երկաթե արգելապատնեշներին, 2-ը գլխիվայր շրջվել են, մի քանիսն էլ՝ կողաշրջվել։
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Այդ 1 կմ-անոց ճանապարհին վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանի հանձնարարականով ուժեղացված ծառայություն են կատարում ավագ տեսուչներ Գուրգեն Մաթևոսյանը, Լևոն Զազյանը, Աշոտ Մխիթարյանն ու Արմեն Վերդյանը։
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Ավետիք Ավետիսյանն ու Մայիս Բադոյանը։ Վերջիններիս կողմից վթարների փաստերով նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Վթարի մեջ հայտնված վարորդները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ամբողջ ճանապարհը մերկասառույց էր, հայելի։ Ոչ աղ էր լցված, ոչ ավազ։ Դրա համար էլ 20-ից ավելի ավտոմեքենաներ բախվեցին իրար։ Մի քանի ավտոմեքենաներ նույնիսկ չսպասեցին ԱՊՊԱ-ին։
Իրենց ուժերով դարձի բերեցին մեքենաները ու քարշակներով տեղափոխեցին։ Եթե ճանապարհը սպասարկող կազմակերպությունը ժամանակին կատարեր աղ ու ավազով մշակման աշխատանքներ, այս բարձիթողի վիճակը չէր լինի։ Վթարից 1,5 ժամ հետո նոր բարեհաճեցին իրենց գործը անեն։ Հարցրեցինք, թե ովքեր եք, ասացին՝ Կոտայքի ճանշինն է»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վթարված ավտոմեքենաներն են Mercedes-ներ, Nissan-ներ, Opel-ներ, Mitsubishi-ներ և այլն։