Մամուլ

Երևան-Սևան ավտոճանապարհին 50-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել մի կնոջ

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 45 կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա Խաչատուր Մ․-ն իր վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արման Հակոբյանը և Խաչիկ Շահբազյանը։

vraert sevan

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։