Մամուլ

Երևանում «Hummer»-ի վարորդը մեքենայից դուրս է բերել ատրճանակն ու անկանոն կրակոցներ արձակել

Դեկտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվում, որ Երևանի բնակիչ  43-ամյա Գոռ Հ.-ն Hummer մակնիշի ավտոմեքենայով Երևանի շենքերից մեկի բակում կայանում է «Hummer»-ը, ապա ավտոմեքենայի հետևի նստատեղից վերցնում է ատրճանակ և ինքնաձիգ ու սկսում անկանոն կրակոցներ արձակել դեպի օդ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ քրեական ոստիկանները պարզել են «Hummer»-ի համարանիշները, որը «70 GH 777» է, իսկ Գոռ Հ.-ն հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է դրսևորել՝ կրակոցներ արձակելով օդ։

Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղ էլ դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քրեական ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գոռ Հ.-ին, ինչպես նաև ավտոմեքենան ու հանցագործության գործիքներ ատրճանակն ու ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։