Երևանում 3-հարկանի շենքի տանիքը փլուզվել է հյուրասենյակի վրա
Այսօր՝ հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկում առաստաղի փլուզում է տեղի ունեցել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիների օգնությամբ փլատակի տակից բնակչին դուրս են բերել։
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նշված 3-հարկանի շենքի նշված բնակարանի բաղդադե առաստաղը փլուզվել է՝ լցվելով ողջ հյուրասենյակի մեջ։
Այս պահին համատիրության, Շենգավիթի թաղապետարանի և բնակարանի սեփականատիրոջ հարազատներով բնակարանը մաքրում են, հեռացնում են կարելի է ասել մի քանի բեռնատար քարերը։
Արդյոք քաղաքապետարանը կամ Շենգավիթի թաղապետարանը օգնության ձեռք կմեկնե՞ն բնակչին, դեռևս անհայտ է։