Երևանում 24-ամյա վարորդը Mercedes C250-ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ
Երևանում 24-ամյա վարորդը Mercedes C250-ով մխրճվել է ծաղկի սրահի մեջ. կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Mercedes C250 մակնիշի ավտոմեքենան ժողովրդին հայտնի «15 կվարտալի» Չաուշի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ծաղկի սրահի մեջ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Վահե Վանյանն ու Սևակ Միրզախանյանը: Ժամանել է նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը ՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Հ. Պետրոսյան կողմից նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի, սակայն պարեկները՝ գումարտակի հրամանատար Ա. Գասպարյանի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ բաժանմունքի պետ Գ. Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Ղազարյանը, ով այս պահին ոստիկանների հսկողության տակ է և նա դեպքի վայրից փախուստի չի դիմել:
Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը, որնցից 2-ը, ըստ տեղեկությունների՝ ծաղկի սրահի աշխատակիցներն են: