Երևանում վթարի է ենթարկվել Toyota-ի վարորդը, ով 6 ամսական տղային տեղափոխելիս է եղել հիվանդանոց
Երևանում վթարի է ենթարկվել Toyota-ի վարորդը, ով 6 ամսական տղային տեղափոխելիս է եղել հիվանդանոց
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ ապրիլի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 29-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, ապա հայտնվել Ռուս Ուղղափառ եկեղեցու դիմացի կանաչ գոտում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 ամսական տղա երեխան տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Տեղում տարածքը սահմանազատել ու ծառայություն են իրականացրել նույն վաշտի պարեկներ Գևորգ Երիցյանն ու Գոհար Արզումանյանը:
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան վթարի է ենթարկվել այն բանից հետո, երբ 6 ամսական տղայի ինքնազգացողությունը վատացել է և հարազատները նրան տեղափոխելիս են եղել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վթարի են ենթարկվել: