Մամուլ

Երևանում ոստիկանները կանխել են մինչև ատամները զինված ռազբորկան․ բերման ենթակվածների մեջ են «ոսկե երիտասարդներ»

Երևանում ոստիկանները կանխել են մինչև ատամները զինված ռազբորկան․ բերման ենթակվածների մեջ են «ոսկե երիտասարդներ»

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ոստիկանությունը Երևանում կանխել է մինչև ատամները զինված ռազբորկան։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում ժամը 20։30-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երվանդ Քոչար փողոցում մի խումբ երիտասարդների միջև զինված ռազբորկա է տեղի ունենում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վաչության պետ Սևան Քոչարյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանի, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի և ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Արման Պապյանի, բաժնի պետ օպերատիվ գծով տեղակալ Վազգեն Թադևոսյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին․ «Երվանդ Քոչարի 19/28 շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ ռազբիրյատ էին անում։ Մեկ ել՝ էն տեսնենք, որ պարեկների ավտոմեքենաները մտան հայաթ, ու ոստիկանները մի քանի հոգու փռին ասֆալտին, տարան։ Հետո իմացանք, որ մի քանի հոգի, չնայած դիմել են փախուստի, բայց բոլորս էլ գիտենք՝ իմանալու են՝ ովքեր են ու բռնելու են»։

Դեպքի վայրից Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանն ու ավագ պարեկ Սամվել Կոստանյանը ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 2 վնասված ավտոմեքենա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված ավտոմեքենաները կապ ունեն միջադեպի հետ։  Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 1 բաժնի քննիչները՝ բաժնի պետ Երջանիկ Գևորգյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Թազայանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Ալիկ Մաթևոսյանի և Սևան Նազարյանի գլխավորությամբ։

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ մարտական թմբուկավոր ատրճանակ, իսկ Mazda 6 մակնիշի ավտոմեքենայում՝ վարորդի նստատեղին մեկ այլ մարտական զենք, և ավտոմեքենայի դռան գաղտնի վայրում մեկ այլ մարտական զենք։

Այս պահին տեղում աշխատում են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները՝ Արմեն Վարդանյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածների մեջ կան «ոսկե երիտասարդներ», մի մասին էլ ոստիկանությունը որոնում է ու պարզել է նրանց ինքնությունը։  Նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չենք հայտնում։

Դեպքի փաստով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական վարչության 1 բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվել