Մամուլ

Երևանում մեքենան պայթեցնելու հետեւանքով վիրավորված Արմեն Պողոսյանը հիվանդանոցում մահացել է. վենդետա ու հին հաշիվներ

Ավելի վաղ հայտնել էինք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում մեքենան պայթեցնելու եղանակով ցանկացել են սպանել Արմեն Պողոսյանին, որը անցնում է հայտնի «Բոդոլ»-ի սպանությունը նախապատրաստելու գործով։ Նա հուլիսի 25-ին հիվանդանոցում մահացել է:

Նախ ամենասկզբից․
Հուլիսի 20-ին հրապարակվեց այն մասին, որ Երևանում մեքենան պայթեցնելու եղանակով ցանկացել են սպանել Արմեն Պողոսյանին։ «Infinity»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։

Նշենք, որ shamshyan.com-ն էլ հայտնել էր, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան ընթանալիս է եղել, երբ տեղի է ունեցել պայթյուն, ինչից հետո վարորդը՝ Երևանի բնակիչ 52-ամյա Արմեն Պ.-ն, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, մոտ 50-60 մետր առաջ է ընթացել, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին ու հարվածել երկաթե էլեկտրասյանը։

Մինչ շտապօգնության ժամանումը՝ քաղաքացիները օգնության են հասել վարորդին, ապա օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերվել ապա տեղափոխվել հիվանդանոց։

Վարորդի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։

Իսկ ի՞նչ պատմության մեջ է հայտնվել Արմեն Պողոսյանը, ում պայթեցնելու նպատակով ցանկացել են սպանել․
Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով ու 329-րդ հոդվածի 1-ին մասով` երկու դրվագով, մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար.
Ա.Պողոսյանը շահադիտական դրդումներով, պատվերով` 190.000 ԱՄՆ դոլարի վարձատրության դիմաց ստանձնելով կազմակերպել ՀՀ քաղաքացի Արսեն Բենիկի Չիչյանի բոլորին հայտնի Բոդոլի սպանությունը, վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու շուրջ նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացի Լևոն Ռուբենի Խուդոյանի հետ` խոստանալով վարձատրության կեսը հատկացնել հանցանքի կատարումից հետո և սպանություն իրականացնելու համար տրամադրելով հրազեն հանդիսացող` 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ կրակելու համար նախատեսված ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ինչպես նաև 1000 ԱՄՆ դոլար: Ի կատարումն Արմեն Պողոսյանի ցուցումի, վերջինիս անմիջական կազմակերպմամբ և ղեկավարմամբ Լևոն Խուդոյանը, վերահսկելով Արսեն Բենիկի Չիչյանի տեղաշարժը, 2014թ. հունիսի 23-ին` ժամը 01:25-ի սահմաններում, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 31-րդ շենքի բակում հրազենից կրակոցներ է արձակել զբոսանքի դուրս եկած Արսեն Բենիկի Չիչյանի ուղղությամբ, պատճառելով վերջինիս մարմնական վնասվածքներ, սակայն կազմակերպչի գործողությունները չեն հաջողվել կամքից անկախ պատճառներով:

Չբավարարվելով արդյունքով` ստացված պատվերով սպանությունն ավարտին հասցնելու և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով Արմեն Պողոսյանը ցուցում է տվել Լևոն Խուդոյանին շարունակել վերահսկել Արմեն Չիչյանի տեղաշարժը և առաջին իսկ հնարավորության դեպքում իրականացնել վերջինիս սպանություն: Արմեն Պողոսյանը հանցավոր նպատակին չի հասել կամքից անկախ հանգամանքներով, քանի որ ի վերջո Լևոն Խուդոյանը նախապատրաստվող սպանությունների մասին հաղորդել է իրավապահ մարմիններին:

Ըստ Armlur.am-ին հասած լուրերի՝ իրավապահներին հաղորդում ներկայացրած անձը առողջական խնդիրներ ունի:

Իսկ ով է «Բոդոլը»․
«Բոդոլ» մականունով Արսեն Չիչյանը ում ցանկացել են սպանել անունն առաջին անգամ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց դեռեւս 2012թ. օգոստոսի 30-ին, երբ Արսենը իր շրջապատով հարձակվել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի եղբոր` Կարեն Խաչիկյանի տան վրա, որին ի պատասխան՝ քաղաքապետի եղբայրն էլ իր թիմով էր հակահարձակում գործել` մտնելով Արսենի բնակարան՝ ոչնչացրել նրանց տան գույքը, ռետինե մահակով ծեծել Արսենի մորը, հորը եւ քրոջը: Բացի այդ, Արսենը, ըստ «Ժողովուրդ»-ին հասած լուրերի՝ հայտարարել է, թե մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին ու նրա կնոջը` Մադլեն Թաշչյանին պատկանող «Մեթլ Փրինս» ընկերության 10 % բաժնեմասի տերն է ու իր դեմ մահափորձը պայմանավորում է հենց այդ հանգամանքով:

Մանրամասները՝ տեսանյութում․