Երևանում մեքենաներ են բախվել. վիրավորների մեջ կան երեխաներ
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ մայիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Արցախի Պողոտա-Այվազովսկու փողոցի խաչմերուկում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Լևոն Բ-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 24-ամյա Արսեն Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Լևոն Բ-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 26-ամյա Գայանե Բ-ն, 2-ամյա Ռուզաննա Վ.-ն և 11-ամյա Ավետիս Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի 1-ին դասակի հրամանատար Ոսկան Բեշիկչյանը, արագ արձագանքման խմբի ոստիկաններ Ռոման Ղազարյանն ու Արսեն Լևոնյանը:
Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բժիշկների հերթական խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Դաննիելյանն ու Մուշեղ Հովհաննիսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: