Մամուլ

Երևանում հրկիզել են Քրիստինա Հ․-ի «BMW X5»-ը

Դեկտեմբերի 31-ին, ժամը 01։30-ի սահմաններում առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Շիրազի փողոցի թիվ 52 շենքի բակում ավտոմեքենա է այրվում, իսկ ժամը 01։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված շենքի բակում «BMW X5» մակնիշի ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարծման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները մարել են այն, սակայն ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի։

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Դեպքի փաստով «գույքի դիտավորյալ ոչնչացում» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները ունեն կասկածներ, որ ավտոմեքենան, որը պատկանում է Երևանի բնակիչ 40-ամյա Քրիստինա Հ․-ին՝ հրկիզել են։

Այդ վարկածի ուղղությամբ իրավապահները կատարում են օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ։

Կիսվեք էջում