Երևանում հրավառություն կարող է լինել միայն Հանրապետության և Ազատության հրապարակներում՝ տոն օրերին
Երևանում հրավառություն կարող է լինել միայն Հանրապետության և Ազատության հրապարակներում՝ տոն օրերին
Երևանում այսուհետև չի թույլատրվի հարսանիքների, կնունքների, ծնունդների կամ մասնավոր այլ միջոցառումների ժամանակ հրավառություն անել:
Ավագանու նիստում ընդունված որոշմամբ սահմանվում է՝ հրավառություն կարող է լինել միայն Հանրապետության և Ազատության հրապարակներում՝ տոնական օրերին՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով:
Բացառիկ դեպքերում նշված վայրերից դուրս և ոչ տոնական օրերին հրավառություն անելու թույլտվություն կարող է տալ Երևանի քաղաքապետը: Դրա համար հստակ չափորոշիչներ չկան:
Տիգրան Ավինյանը նիստի ժամանակ մանրամասներ է ներկայացրել․
Պետք է հասկանալ միջոցառման մասշտաբը: Արդյոք այդ միջոցառումը համարժեք է այն միջոցառումներին, որոնք մենք կիրականացնեինք Նոր տարուն: Տարվա մեջ մի քանի միջոցառում կարող է լինել՝ 1.2.3, ոչ ավելի: Չեմիպիոնատ, միջազգային, Ֆրանկոֆոնիա, Սթարմուս:
Կարգը խախտելով հրավառություն անողների համար տուգանքը 300 հազարից 2 մլն դրամ է: Ավագանու անդամներին հետաքրքրեց՝ վերահսկողության ինչ լրացուցիչ մեխանիզմներ կան, որովհետև հիմա էլ հրավառությունների ժամային սահմանափակումներ կան, բայց քիչ չեն դեպքերը, երբ արգելքն անտեսվում է:
Ավինյանը պատասխանեց՝ խնդրին համալիր լուծում է տրվում: Ավագանու որոշումից բացի, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է սահմանափակել հրավառ նյութերի ներմուծումը: Դա կարող են անել միայն լիցենզավորված կազմակերպությունները, որոնք էլ իրավունք կունենան այդ նյութերը օգտագործել միայն նշված դեպքերում: