Մամուլ

Երևանում կրկին կրակել են 58 համարի ավտոբուսի ուղղությամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով Երևանում հերթական անգամ կրակոց են արձակել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հունվարի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Գագիկ Եղիազարյանից, ով հայտնել է որ Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում թիվ 58 համարի Zhongtong մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց են արձակել, ինչի հետևանքով ապակին փշրվել է։

Նշված վայր է մեկնել ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Կարեն Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ երբ վարորդը ավտոմեքենան վարելիս է եղել Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկից դեպի Բելինսկի փողոց ընթանալու ժամանակ անհայտ անձը պնևմատիկ զենքով կրակել ու կոտրել է ավտոբուսի հետևի ապակին։

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կարծես թե «ավանդույթ» են դառնում «ծալապակասների» կողմից մարդատար ավտոբուսների ուղղությամբ պնևմատիկ զենքով կրակոցներ արձակելու դեպքերը։

Նմանատիպ մի քանի դեպքեր ֆոտոռեպորտաժ, տեսանյութով ներկայացրել ենք։

Կիսվեք ձեր էջում