Մամուլ

Երևանում կրակոցներ են արձակել հայտնի կրթահամալիրներից մեկի դասախոսի տան ուղղությամբ

Shamshyan.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 12-ին, ժամը 19։20-ի սահմաններում՝ Երևանում կրակոցներ են հնչել։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, իսկ կարճ ժամանակ անց ոստիկանություն է զանգահարել Երևանի Միկոյան փողոցի բնակիչ 32-ամյա մի կին և հայտնել, որ ամուսինը, ում հետ ցանկանում է ամուսնալուծվել, զինված եկել է իր տուն, կրակոցներ է արձակում իր տան ուղղությամբ։

Տեղում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։10-ի սահմաններում, այդ կնոջ ամուսինը՝ Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Սուրեն Մ․-ն, Միկոյան փողոցում իր մոտ գտնվող հրազենով երեք կրակոց է արձակել իր կնոջ բնակարանի դռան ուղղությամբ և հեռացել:

Վերջինս նույն օրը ներկայացել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ ինքն է կրակել և իր հետ ներկայացրել է հանցագործության գործիք ատրճանակը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը աշխատում է Հայաստանում հայտնի կրթահամալիրներից մեկում՝ որպես դասախոս։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կիսվեք էջում